Սուրբ Հովհան Օձնեցի Հայրապետի ուխտի օրն էր

ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄՈՒՄ
Ապրիլի 17-ը

Ամեն տարի ապրիլի 17-ին Գուգարաց թեմը մեծ հանդիսավորությամբ նշում է Սուրբ Հովհան իմաստասեր Օձնեցի հայրապետի ուխտի օրը: Գուգարաց աշխարհի միակ Սուրբ կաթողիկոս Հովհան իմաստասեր Օձնեցին ժողովրդի կողմից դեռեւս իր կենդանության օրոք սրբացվել ու առասպելացվել է:

Այս տարի եւս թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ եւ առաջնորդությամբ հազարավոր ուխտավորներներ Օձունում մասնակցեցին սուրբի հիշատակությանը նվիրված Պատարագին եւ ապա այցելեցին Արդվի գյուղի բարձունքում գտնվող սուրբ հայրապետի շիրիմին:

Վանաձորից, Սպիտակից, Ալավերդուց, Տաշիրից, Ստեփանավանից, Հաղպատից, Մարգահովտից, Երեւանից, Արարատից, Գյումրիից բազում ուխտավորներ` իրենց հոգեւոր հովիվների առաջնորդությամբ, առաջինը հանգրվանեցին Օձունի Սբ. Աստվածածին եկեղեցում, ուր հաղորդությամբ մասնակից դարձան սուրբ եւ անմահ Պատարագին: Պատարագիչն էր Օձունի հոգեւոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը:

Հավարտ Պատարագի գյուղապետ Արսեն Տիտանյանի կողմից հավատացյալներին բաժանվեց ուխտի մատաղ, ապա Օձունի կիրակնօրյա դպրոցի սաներն իրենց կատարումներով ելույթ ունեցան Օձնեցու արձանի մոտ: Թեմակալ առաջնորդը պատարագի ավարտին եւ Սուրբի մատուռի մոտ իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները հղեց բոլոր ուխտավորներին:

Օձունից ուխտավորները մեկնեցին Արդվի, ուր ամփոփված է Սուրբի աճյունը: Սրբազան հոր գլխավորությամբ եւ հոգեւոր հայրերի մասնակցությամբ Սուրբի շիրիմին կատարվեց մաղթանքի արարողություն:

Ուխտագնացությանը մասնակցում էին նաեւ Գուգարաց թեմի Եկեղեցասեր երիտասարդաց միության անդամներ, տարբեր Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՎՊՄԻ-ի ուսանողներ եւ բազում հավատացյալներ:

Ուխտդ ի կատար, սիրելի° ուխտավոր:

Դիվան Գուգարաց թեմի