Սուրբ Հարության տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Լուսանկարների սրահ
Տեսանյութերի Պատկերասրահ
Գարեգին Բ Կաթողիկոս. «Քրիստոս հարուցյալ կյանքի ճանապարհն է, Քրիստոսով զորությունն ունենք նորոգվելու եւ կյանքը բարեփոխելու»
Ապրիլի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվեց Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնը:
Տերունական տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ©Տ© Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Զանգերի ավետաբեր ղողանջների ներքո խաչվառներով զարդարյալ եկեղեցականաց թափորը Վեհարանից դեպի Սուրբ Տաճար առաջնորդեց Վեհափառ Հայրապետին եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Հայրապետական ամպհովանակիրներն էին ՀԲԸՄ Վարչության անդամներ Արիս Ադամյանը եւ Վազգեն Յակուբյանը, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Լեւոն Սարգսյանը եւ ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանը: Սուրբ եւ Անմահ Պատարագի ընթացքին Նորին Սրբության առընթերականներն էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը եւ Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգեւոր տեսուչ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:
Պատարագի սրբազան արարողության ընթացքին Նորին Սրբությունը Հայրապետական իր պատգամը հղեց Փրկչի Հարության տոնի առիթով համայն հայ ժողովրդին` ամենքին փոխանցելով «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» կենդանարար ավետիսը:
Պատգամի բնաբան ընտրելով «Հավատի բարի մարտը մղիր եւ պինդ կառչիր հավիտենական կյանքից, որին կանչվեցիր» առաքելական խոսքը (Ա Տիմ. Զ 12)` Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձավ Տիրոջ Սուրբ Հարության խորհրդին, ապա հորդորեց հավատացյալներին առանց երկյուղելու գնալ դեպի Տերը. «Մեղքերով բեռնավորված աշխարհը Նա կարող է նորոգել միայն մեկ խոսքով` տեսնելով զղջումը, վերափոխվելու ցանկությունն ու ջանքը մարդկային հոգիների: Նա գիտի մարդկանց սրտերը, նրանց խորհուրդները, գիտի բոլոր գործերի նպատակներն ու պիտի շնորհի յուրաքանչյուրին առ Աստված ունեցած հավատի եւ հույսի համեմատ: Այս վստահությամբ է հարուցյալ Փրկչին տեսած առաքյալը հորդորում Հիսուս Քրիստոսով կառչած մնալ հավիտենական կյանքի հույսին եւ հաստատուն ու անզիջում մղել հավատի բարի մարտը:
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, ավետարանական խոսքի համաձայն` հավատացյալներիս համար կյանքը այս աշխարհում հոգեւոր պատերազմ է, եւ յուրաքանչյուր քայլափոխին, ամեն մտածումի ու խոսքի մեջ անհրաժեշտ է, որ ընտրենք ճշմարիտն ու բարին, արդար գտնվենք միմյանց ու Աստծո առջեւ, որ կյանքում միշտ փայլի տիրավանդ սերը: Հավատի մարտում չկա երկընտրանք, չկա զիջում, քանզի այն պատերազմ է սատանայի դեմ, որ կամենում է մարդկանց կործանումն ու մահը: Սատանան թվացյալ հաղթանակեց, երբ Քրիստոս խաչվեց ու գերեզման դրվեց: Տիրոջ սքանչելի, անճառելի հարությամբ, սակայն, կործանվեցին չարը եւ չարի իշխանությունը, քանզի Աստծո կամքը մարդկանց փրկությունն է` շնորհված Քրիստոսի հարությամբ:
Քրիստոս հարուցյալ կյանքի ճանապարհն է, Քրիստոսով զորությունն ունենք նորոգվելու եւ կյանքը բարեփոխելու: Ինչպես Քրիստոսի երկրային կյանքը բարիք էր մարդկության համար, այդպիսին պիտի լինի Նրան հավատացողի կյանքը, քանզի հավատի ուղին այն առանձնահատուկ սխրանքն է, որով մարդիկ հրավիրված են աներկմտորեն լինելու Աստծո փրկարար կամքի իրականացնողները երկրի վրա, լինելու Քրիստոսի բուրմունքը Աստծո առջեւ (հմմտ.` Բ Կորնթ. Բ 15)»:
Այնուհետեւ Նորին Սրբությունը, խոսելով ներկայիս աշխարհի մասին, ուր կյանքի բարիքները, ժամանակավորը առաջնային են համարվում հավիտենականից, նշեց, թե չի լինի երբեք խաղաղություն, անխափան բարգավաճում եւ խնդություն այնտեղ, որտեղ չի մղվում հավատի բարի մարտը, որտեղ Քրիստոսի փոխարեն նախընտրում են Բարաբբային:
«Մեր ժողովուրդը Քրիստոսին է ընդունել որպես իր Տիրոջ ու Փրկչի եւ Նրան ապավինած` դարերի մեջ բազում փորձություններ է հաղթահարել եւ իր համար փորված գերեզմաններից հավատքով հառնել: Քրիստոսի հարության խորհուրդը այսօր փառքով բարձրանում ու շողարձակում է հայ կյանքում, քանզի Հայոց Ցեղասպանության 95-րդ տարելիցը հիշատակում ենք ինքնիշխան հայոց պետականության եւ վերազարթոնք ապրող Սփյուռքի իրականությամբ: Այո, 20-րդ դարը մեր ժողովրդի ողբերգության, բայց նաեւ վերածննդի դարը եղավ: Ցեղասպանության գողգոթայից անցնելով, Սփյուռքում եւ Հայրենիքում անհուն զրկանքներ ու զոհողություններ հաղթահարած մեր ժողովուրդը վերընձյուղեց իր նոր կյանքը, շարունակեց ստեղծել եւ մնայուն ձեռքբերումներով այսօր քայլում է ժամանակին համընթաց: Քրիստոսին ապավինած` մեր ժողովուրդը եղավ հավատարիմ խաղաղ ու բարօր աշխարհի հույսին եւ հավատաց ազատության ու արդարության հաղթանակին: Այս տեսիլքով ու վստահությամբ պիտի շարունակենք պաշտպանել մեր արդար դատը, որն այսօր արձագանք է գտնում աշխարհի շատ ժողովուրդների սրտերում` թեեւ դեռեւս համընդհանուր ճանաչում չի գտել Հայոց Ցեղասպանությունը: Պիտի շարունակենք մեր ջանքերը նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման եւ մեր երկիրը անօրինական շրջափակումից դուրս բերելու համար», - ասաց Վեհափառ Հայրապետը:
Ապա Նորին Սրբությունը անհրաժեշտ նկատեց շարունակել հավատի բարի մարտը մղել, որպեսզի մեր կյանքում հաստատուն լինեն աստվածպաշտությունը, սերն ու համերաշխությունը, մնայուն` բարօրությունը, արդյունավոր` գործերը` հանուն մեր ներկայի եւ գալիքի: Գարեգին Բ Հայրապետը հորդորեց յուրաքանչյուրին` իր ծառայության վայրում, իր գործունեության մեջ ընթանալ Աստծո փրկարար կամքով եւ հայրենյաց սիրո աստվածահաճո ճանապարհով, հավատարիմ մնալ մեր բարեպաշտ հայրերի քրիստոնեական սուրբ եւ արդար կյանքի ընտրությանը եւ ընտանիքում, անձնական հարաբերություններում եւ թե ազգային կյանքին մեր մասնակցության մեջ պայծառ պահել հավատքի լուսավոր ջահը:
Ս. Հարության ավետիսով Վեհափառ Հայրապետն իր բարեմաղթանքները հղեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալներին եւ ողջ հոգեւոր դասին: Ապա իր ողջույնը բերեց Ս. Պատարագին ներկա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ պետական ավագանուն` հայցելով Բարձրյալի օրհնությունն իրենց կյանքին եւ ջանքերին` հանուն հայրենի մեր երկրի եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարօրության:
Սուրբ Պատարագի արարողությանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը եւ ՀԲԸՄ Վարչության անդամներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, բարերար հայորդիներ, գիտության, կրթության եւ մշակույթի գործիչներ:
Հավարտ Սուրբ Պատարագի Վեհարանում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրավիրյալներին վերստին բերեց Հայրապետական իր օրհնությունն ու բարեմաղթանքները: