Սուրբ Հարության տոնը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում
Սեղմել այստեղ` Տեսահոլովակը դիտելու համար - Հեղինակային իրավունքները ամրագրված են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, 2008 թ.: Բոլոր տեքստերը, գրաֆիկան, աուդիո նյութերը, ծրագրաշարը եւ կայքի մյուս նյութերը պաշտպանվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հեղինակային իրավունքներով: Բոլոր իրավունքները նույնպես պաշտպանված են: Սայթի նյութերի ցանկացած վերարտադրություն կամ տարածում խիստ արգելվում է:
Մարտի 23-ին մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը մեծագույն հանդիսավորությամբ նշվեց համայն հայության հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
Դեռեւս առավոտյան Մայր Աթոռի եւ ՀԲԸՄ-ի հայորդյաց տների հարյուրավոր աշակերտներ քայլերթով Սուրբ Հռիփսիմեի վանքից շարժվեցին դեպի Մայր Տաճար: Թմբուկների ձայների ներքո խանդավառ մանուկները քաղաքի բնակիչների հետ եկան Սբ. Տրդատի կամարի առջեւ` դիմավորելու Հայրապետական շքեղ թափորը:
Ժամը 10.30-ին Մայր Աթոռում սկսեցին ղողանջել Մայր Տաճարի զանգերը` ավետելով Տիրոջ Սուրբ Հարության ավետիսը: Մայր Աթոռի միաբաններից կազմված թափորը Ամենայն Հայոց Հայրապետի նստավայրից ամպհովանիով Ն.Ս.Օ.Տ©Տ© Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին առաջնորդեց դեպի Սուրբ Տաճար, ուր Հայոց Հայրապետը Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առիթով մատուցեց Սուրբ եւ Անմահ Պատարագ:
Նորին Սրբությանը որպես առընթերականներ սպասավորում էին Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու, Հրատարակչական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը եւ Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
Սուրբ Պատարագի ընթացքին Նորին Սրբությունը իր պատգամը հղեց համայն հայ ժողովրդին ի Հայաստան, յԱրցախ եւ ի սփյուռս աշխարհի` «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսով ամենքին ուղղելով Հայրապետական իր հորդորներն ու բարեմաղթանքները Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առիթով:
Սուրբ Պատարագի արարողությանը ներկա էին ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նորընտիր Նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, ՀՀ կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտության, կրթության, արվեստի եւ մշակույթի գործիչներ:
Ավարտին Վեհարանում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն:
Սուրբ Պատարագի ավարտին Մայր Աթոռում` Սբ. Տրադատի բաց խորանի առջեւի հարթակում համերգային ծրագրով հանդես եկան Մայր Աթոռի եւ ՀԲԸՄ-ի հայորդյաց տների սաները:
Ն© Ս. O© Տ© Տ© ԳԱՐԵԳԻՆ Բ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՊԱՏԳԱՄԸ ՍՈՒՐԲ ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ
(Սուրբ Էջմիածին, 23 մարտի, 2008 թ.)
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց, մահուամբ
զմահ կոխեաց եւ յարութեամբն Իւրով
մեզ զկեանս պարգեւեաց»
(Ժամագիրք):
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի Հայրենիս եւ ի Սփիւռս,
Հոգու խնդութեամբ ողջունում ենք ձեզ Քրիստոսի հրաշափառ յարութեան աւետիսով:
Բարձրեալի հետ ապրեցինք Մեծ Պահքի աղօթական, խորհրդաշատ օրերը, ապրեցինք խնդրամատոյց հայցով, մեր հոգու յոյզերով, նաեւ` տագնապով ու ցաւով, որ բերեցին մարտի 1-ի ողբերգական իրադարձութիւնները: Աւագ Շաբաթուայ խորհրդով հաղորդուեցինք մեր Տիրոջ երկրային կեանքի վերջին օրերի փրկչական տնօրինութիւններին:
Ցրուել էին Նրա աշակերտներն ու հետեւորդները տարակուսած ու վշտահար, երբ խաչուել էր Վարդապետը: Ոմանք ուրացել էին Նրան եւ տանջուում էին մեղաւորութեան զգացումից: Ուրիշները իշխանութեան եւ փառքի մեծ յոյսեր էին կապել Նրա հետ եւ հիմա ապրում էին իրենց յոյսերի կործանման ցաւով: Բայց յարուցեալ Քրիստոս յայտնուեց նրանց, փարատեց վիշտն ու կասկածը, վերականգնեց նրանց ճշմարիտ հաւատի ու յոյսի մէջ, հաստատեց առաքելութեան մէջ, որ աւետեն մարդկանց փրկութեան շնորհը, քարոզեն Աստուծոյ սիրոյ, խաղաղութեան վարդապետութիւնը, երկնային արքայութեան Աւետարանը:
Այսօր մեր Տէրն այլեւս Պիղատոսի առջեւ կանգնած անպաշտպան, մարդկանցից լքուած եւ ուրացուած ամբաստանեալը չէ: Ոչ էլ չարչարուած, տանջուած եւ խաչը ուսին Գողգոթա բարձրացող դատապարտեալը: Գերեզմանի մէջ ամփոփուած խաչեալը չէ, այլ` յարուցեալը` Տէրը արարչութեան եւ յաղթական Փրկիչը մարդկութեան:
Ու°ր է, մահ, քո յաղթութիւնը: Ու°ր է, գերեզման, քո խայթոցը (Ա Կորնթ. 15. 55):
Մահն այլեւս յուսաբեկութիւն չէ, կեանքի աւարտ չէ եւ անէութիւն չէ: Գերեզմանը վախճանը, վերջը չէ այլեւս: Քրիստոսի յարութեամբ «վերջը» խորտակուեց, եւ գերեզմանից այն կողմ ճանապարհն է դէպի յաւիտենութիւն: «Յաւիտենական կեանքը այս է. որ ճանաչեն Քեզ միակ ճշմարիտ Աստուած, նաեւ Յիսուս Քրիստոսին, որ Դու ուղարկեցիր» (Յովհ. 17.3), – ասում է մեր Փրկիչը` Իր եւ մեր Հօրը դիմելով:
Յաւիտենական կեանքի ուղին այս աշխարհում Քրիստոսով յարուցեալ, նոր կեանքն է, որը պարգեւում է մարդկանց Քրիստոս աստուածային Իր զօրութեամբ: Վերածնուած հոգու այդ նորոգեալ կեանքը ազատ է չարի իշխանութիւնից: Մեր Տէրը յաղթանակել է չարին, կործանել է մահը եւ բոլոր մարդկանց ընծայել է վերստին ծնուելու, Աստուծոյ որդեգիրները լինելու շնորհը:
Աստուծոյ ստեղծածն է աշխարհը, ուր ապրում ենք: Ամեն բան Նրա ձեռքի գործերն են: Ինչ որ ունենք, Նրան է պատկանում: Բայց աշխարհի մէջ Ադամի օրից սկսեալ մարդը ոչ քիչ դէպքերում, կամայ թէ ակամայ, գործիք է դառնում չարի ձեռքին եւ քանդում է Աստուծոյ ձեռակերտը, մռայլում է արարչաստեղծ կեանքի ուրախութիւնը: Այսօր էլ մարդկային կեանքում չարութիւնը, անհաւատութիւնը, նիւթապաշտութիւնը, սուտը, ատելութիւնը, իշխանատենչութիւնը մահ են սերմանում եւ մեծ ու փոքր գերեզմաններ փորում:
Այսօր էլ մենք ստիպուած ենք ընդունել, որ մարդու կեանքը այնպէս եւ այն չափով արժեւորուած չէ, որքան հրաւէրն է Տիրոջ ու Կամքը Նրա Փրկչական: Խաղաղութեան եւ արդարութեան որոնումներում մարդը բախումների դռներ է բացում, անիրաւութիւն սերմանում, քանզի Տիրոջ պարգեւած հոգու խաղաղութիւնն ու արդարութիւնը չէ, որ փնտրում է, այլ` խաղաղութեան ու արդարութեան անուան ներքոյ` սեփական ապահովութիւնն ու շահը: Արդարեւ, կորստաբեր են Աստուծոյ Կամքին հակառակ ընթացքները: Տէրն Իր կեանքը տուեց մարդուն կորստից փրկելու համար եւ կոչեց մարդկանց ապրելու հաւատով, սիրով եւ յոյսով: Այս արժէքներով են իրականանում հոգեւոր վերածնունդը եւ բարոյական առաջադիմութիւնը մարդկութեան: Այս ճշմարիտ արժէքներով են կեանքի կոչուում հասարակական կեանքի առաջընթացները, գործում իրաւունքն ու օրէնքը` յանուն մարդկանց բարօրութեան:
Աշխարհսփիւռ սիրելի ժողովուրդ հայոց,
Մեր պատմութեան ընթացքում մեզ նոյնպէս յաճախ պարուրել է մահուան շուքը, խոցուել ենք խորը, խաւար օրերում ենք ապրել, բայց լուսատենչ հայեացքով փնտրել ենք երկնաշնորհ արշալոյսները: Չափել ենք չարչարանքի եւ նեղութեան խորութիւնը, բայց վեր ենք յառնել հերոսական խոյանքներով: Այս օրերին էլ փորձութեան մէջ ենք: Խռովուած է Հայրենիքի խաղաղ կեանքը, վտանգուած պետութեան կայունութիւնը, որոշակիօրէն հարուած է հասցուել մեր պետութեան վարկին եւ մեր ժողովրդի բարի անուանը, որոնք մեր մեծագոյն ձեռքբերումներն են: Անհանդուրժողութիւնը, ատելութիւնը, առճակատումը ճանապարհ չեն վերացնելու մեր կեանքի արատաւոր երեւոյթները, վճռելու ազգի առջեւ ծառացած խնդիրները: Դրանք նոր վէրքեր են աւելացնում եւ նոր բարդութիւններ, սպառնալիքներ յաւելում մեր կեանքին: Մենք խնդիր ունենք հոգալու, որ մեր իրականութիւնից վանուեն ամեն չարահնար ու ստայօդ խօսք, արարք ու ընթացք: Հարկ ի վերայ մեր կայ` նախանձախնդիր լինել, որպէսզի մեր իրականութեան մէջ ճանապարհ հարթեն ճշմարիտ եղբայրսիրութիւնը, արդարամտութիւնն ու օրինայարգութիւնը, հաւատն ու վստահութիւնը, հաշտութեան եւ խաղաղութեան հոգին: Աննուազ դարձնենք մեր ջանքերը` ի սէր մեր պետականութեան ամրութեան, մեր երկրի անընդմէջ առաջընթացի, որպէսզի յաղթահարենք մեր կեանքը խանգարող դժուարութիւնները, եւ յառնի մեր Հայրենիքը զօրութեամբ, որը յոյսն է մեր ժողովրդի միացեալ կեանքի եւ յարատեւութեան:
Այսօր Մեր յորդորն է բոլորին` հոգեւորական եւ աշխարհական դասին, մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի յարութեան հաւատով սէրը, բարին ու բարիքը առատացնել մեր կեանքում: Բուժել վիրաւոր սրտերը: Հեռացնել ամենայն չարը մեր սրտերից, հոգիներից եւ Հայրենիքի սահմաններից: Լինել մի հօտ եւ մի հովիւ: Հայր Աստուծոյ Սուրբ Աջի պահպանութեան ներքոյ, Յարուցեալ մեր Փրկչի Սուրբ Խաչի նշանով եւ Սուրբ Հոգու շնորհաբաշխ առաջնորդութեամբ կերտենք այն ապագան, որը բոլորս ենք երազում` հզօր, անսասան Հայոց պետութիւն, աստուածասէր, հայրենասէր, երջանիկ հայ ժողովուրդ: Մեր Հայրենիքի ու ժողովրդի համար հոգալով, գանձեր պիտի կուտակենք նաեւ այն առաւել` յաւիտենական կեանքի համար, որը Սուրբ Յարութեան տօնը մեզ աւետում է:
«Արդ` ինչպէս որ ընդունեցիք Քրիստոս Յիսուսին` Տիրոջը, այնպէս էլ ընթացէք Նրանով` արմատաւորուած եւ կառուցուած Նրա վրայ, հաստատ մնալով հաւատի մէջ, ինչպէս որ ուսանեցիք, որպէսզի աճէք Նրա մէջ գոհութեամբ» (Կող. 2. 6-7):
Մեր Տիրոջ հրաշափառ յարութեան աւետիսով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, Լուսաւորչի Սուրբ Գահից ի Քրիստոս եղբայրական սիրով ողջոյն ենք յղում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նուիրապետական Աթոռների Գահակալներին` Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսին, Երուսաղէմի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկեանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆեանին, Քոյր Եկեղեցիների շնորհազարդ հոգեւոր Պետերին: Հայրապետական Մեր սէրն ու օրհնութիւնն ենք բերում մեր Սուրբ Եկեղեցու բարեջան բոլոր սպասաւորներին եւ հաւատաւոր Մեր զաւակներին ի սփիւռս աշխարհի:
Մեր օրհնութիւնն ու ողջոյնն ենք բերում Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Տիար Ռոբերտ Քոչարեանին, Հայաստանի Հանրապետութեան ընտրեալ Նախագահ, Վարչապետ Տիար Սերժ Սարգսեանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Նախագահ Տիար Բակո Սահակեանին, հայոց պետական ողջ աւագանուն եւ Հայաստանում հաւատարմագրուած դիւանագիտական առաքելութիւնների ղեկավարներին ու ներկայացուցիչներին:
Աղօթում ենք, որ երկնային խաղաղութիւնը հաստատուի մեր Հայրենիքում, համայն աշխարհում, բոլոր մարդկանց հոգիներում:
Թող կենսատուն եւ կեանքի առաջնորդը` Տէրը մեր Յիսուս Քրիստոս Իր յարութեան լոյսով օրհնի մեր կեանքը եւ լուսաւորի ուղին ազգիս հայոց:
Շնորհք, սէր, հաւատ, յոյս եւ զօրութիւն մեր ողջ ժողովրդին եւ համայն աշխարհին. ամէն:
Քրիստոս յարեաւ ի մեռելոց
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի