Սուրբ Հարության տոնը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս.
«Հանդերձավորված Տիրոջ փրկության պարգեւներով, հավատքով ու հույսով
միշտ նորոգելով մեր հոգիները` սիրով, միաբան, միասիրտ ու միակամ
ծառայենք ազգային մեր բոլոր իղձերի ու նպատակների իրագործմանը:
Եվ Տերը, որ միշտ մեզ հետ է, տեսնելով մեր բարի գործերը,
պիտի վարձատրի մեզ հարուցյալ կյանքով»
Ապրիլի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ տոնախմբվեց մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը:
Առավոտյան` ժամը 1000-ին, Սուրբ Հռիփսիմեի վանքի մոտ հավաքված Մայր Աթոռի եւ ՀԲԸՄ-ի հովանու ներքո գործող հայորդյաց տների հարյուրավոր սաներ ավանդական քայլերթով շարժվեցին դեպի համայն հայության հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Թմբուկների ձայների եւ փողային նվագախմբի կատարումների ներքո մանուկները, ավետելով քաղաքի բնակիչներին Տիրոջ Սուրբ Հարության ավետիսը, հասան Մայր Աթոռ եւ հավաքվեցին Միածնաէջ տաճարի առջեւ` դիմավորելու Հայրապետական շքեղ թափորը:
Ժամը 1030-ին Մայր Տաճարի զանգերի հոգեպարար ղողանջների ներքո Վեհարանից շարժվեց խաչերով ու խաչվառներով պսակված թափորը` Ն.Ս.Օ.Տ©Տ© Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ամպհովանիով առաջնորդելով դեպի Սուրբ Տաճար: Հայրապետական ամպհովանակիրներն էին «Իտառ-Տասսի» թղթակից Տիգրան Լիլոյանը, ՀՀ Գրականության եւ Արվեստի ինստիտուտի տնօրեն Ավետիք Իսահակյանը, երգահան Արա Գեւորգյանը եւ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը:
Սուրբ եւ Անմահ Պատարագի Սրբազան արարողության ընթացքին Նորին Սրբության առընթերականներն էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը եւ Հայոց բանակի հոգեւոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
Փրկչի Հարության տոնի առիթով Նորին Սրբությունը Հայրապետական իր պատգամը հղեց համայն հայ ժողովրդին: Իր խորհրդածությունները փոխանցելով առ Աստված ճշմարիտ հավատի խորհրդի շուրջ` Ամենայն Հայոց Հայրապետն ասաց. «Աստծուն հավատալը Նրա գոյության մասին սոսկ իմացությունը չէ, այլ Աստծուն սիրելը, Աստծո Խոսքը ընդունելը, ինչպես ուսուցանել են մեզ մեր հայրերը, եւ կենարար այդ խոսքով առաջնորդվելը: Հավատքը թանկագին ավանդ է, հոգու կենդանությունն ու լույսն է, որը պիտի պահպանել, խնամել, սնուցել ու աճեցնել, որ այն որեւէ մտածությամբ, խոսքով կամ գործով չվնասվի ու չավերվի մեր հոգում:
Հավատքը Քրիստոսով, Ով «ճշմարիտ պատկերն է աներեւույթ Աստծո», մարդկանց հանդեպ աստվածային սիրո ու ողորմության ճանաչումն ու փառավորումն է եւ այդ սիրով ապրելը: Իր առաքելության ընթացքում մեր Տերը` Հիսուս Քրիստոս, հաճախ էր խոսում հավատքի կարեւորության մասին: Նա ուսուցանեց եւ հրաշագործեց առավելաբար այնտեղ, ուր հավատք գտավ եւ տրտմեց ու վշտացավ, երբ չգտնվեց հուսացյալ հոգի, հավատք Աստծո հանդեպ, այլ միայն` արտաքին ձեւ աստվածպաշտության: Տերը միշտ մեզ հետ է, եթե մենք աներկմիտ հոգով Նրա հետ ենք: Իսկ ուր Տերն է` ազատություն է, ճշմարտություն է, արդարություն է, սեր ու խաղաղություն է: Ուր Տերն է` փրկության շնորհ է, բժշկություն, մխիթարություն, հարուցյալ հոգի է, հույս է եւ հավատք»:
Վեհափառ Հայրապետն ընդգծեց նաեւ հարուցյալ Քրիստոսով ապրելու եւ կյանքը նորոգելու անհրաժեշտությանը. «Այսօր եւ միշտ հարուցյալ Քրիստոս մարդկանց հետ է` նորոգելու համար կյանքը, վերափոխելու աշխարհը: Հարուցյալ Քրիստոս մարդկանց հետ է` հաստատելու աստվածսիրության եւ մարդասիրության ընթացքներում, որպեսզի մերժվեն սուտը, անարդարը, նախանձն ու ատելությունը, վերանան արհավիրքն ու պատերազմը, ցավը, հոգսը, կարիքը, եւ Աստծո շնորհն ու ողորմությունը մարդկային կյանքում առատանան այնպես, ինչպես երկիրն է ստանում երկնքից լույս, ցող, անձրեւ եւ կանաչում է, ծաղկում ու պտղաբերում: Սակայն ի°նչ կարելի է սպասել, ի°նչ հեռանկար հուսալ, եթե արարչաստեղծ կյանքը հաստատվի աստվածային ճշմարիտ սիրուց, աստվածային լույսից հեռացող, Աստծուն ուրացող հոգու մեջ, ի°նչ հեռանկար, եթե ոչ այն, որ «չար ու խաբեբա մարդիկ չարից այն կողմ էլ պիտի գնան» (Բ Տիմ. Գ 13): Գալիքի հույսը Աստված է` մեր Տերը Հիսուս Քրիստոս, Ով պարգեւում է մարդկանց զորությունը հարուցյալ կյանքով ապրելու, միշտ դեպի բարին ընթանալու, դեպի խաղաղ, բարօր, ապահով ու արդար աշխարհ»:
Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձավ հայոց կյանքում Տիրոջ Հարության կարեւոր առաքելությանը` նշելով, որ «Քրիստոսով իր փրկությանը, կյանքի նորոգությանը հավատաց եւ մեր ժողովուրդը` հաստատվելով անշարժ վեմին Ավետարանի քարոզած հույսի եւ հավատքի: Առաքյալների, առաքելապատիվ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի ու բազում սրբերի հավատքով հարուցյալ Քրիստոս քայլեց մեր երկրում, լուսավորեց մեր ժողովրդի կյանքը, օրհնեց մտքի եւ հոգու արգասիքներով, զորացրեց եւ հույսով պահպանեց փորձությունների ու նեղությունների մեջ: Փրկչին ապավինած` մեր ժողովուրդը վեր հառնեց մահվան խորխորատներից եւ հարուցյալ իր նոր կյանքը վերընձյուղեց, իր տունը կառուցեց, հայրենի ծուխը ծխեցրեց ու թեեւ տարագիր ու աշխարհասփյուռ` մնաց համախումբ ու միասնական, հավատաց արդարության հաղթանակին, ազատության իրավունքին, բարիով ու բարիքով կյանքի վերափոխմանը, խաղաղ աշխարհի տեսիլքին»:
Նորին Սրբությունը հորդորեց հայորդիներին այդ հավատով ու ձգտումներով բարգավաճ դարձնել Հայրենիքը, զորացնել եկեղեցական եւ ազգային մեր կյանքը ի սփյուռս աշխարհի` հույսերի ու նպատակների իրագործման եւ դժվարությունների հաղթահարման համար ուղեկից դարձնելով մեզ միմյանց հանդեպ տերունապատվեր սերը, հարգանքը, ազնվությունն ու վստահությունը, հոգածությունն ու աջակցությունը, որ հիմքն ու ամրությունն են եկեղեցական ու ազգային մեր կյանքի, ընտանիքների, ընկերության, բարեկամության ու արդյունավոր գործակցության: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարեւորեց այդ արժեքների ամրապնդումը հայոց կյանքում. «Այդ արժեքներով են խնամվում եւ բարգավաճում պետական ու հասարակական կյանքի կառույցները եւ ծառայում ընդհանուրի բարիքին: Այդ արժեքները պիտի օգնեն մեզ հատկապես այսօր, տնտեսական անհաստատ իրավիճակներում, առկա խնդիրների ու մտահոգությունների պայմաններում գտնելու հաստատուն եւ բարեհույս ուղիները, Հայրենիքում եւ Սփյուռքում կյանքի կոչելու բարեբեր գործեր: Այո, աներկյուղ, «բարձրագլուխ պարծենում են» ու պիտի պարծենան ճշմարիտ հավատքն ու հավատի գործերը: Հավատավոր հոգու ազնիվ արգասիքները ամեն ասպարեզում, ամեն քայլափոխին իրական տեսնելով է, որ մեր զավակները պիտի սովորեն դրանցով ապրել, ընտանիք սիրել, ընկեր սիրել, Հայրենիք եւ Աստված սիրել: Արդ, սիրելի հավատավոր ժողովուրդ, հանդերձավորված Տիրոջ փրկության պարգեւներով, հավատքով ու հույսով միշտ նորոգելով մեր հոգիները` սիրով, միաբան, միասիրտ ու միակամ ծառայենք ազգային մեր բոլոր իղձերի ու նպատակների իրագործմանը: Եվ Տերը, որ միշտ մեզ հետ է, տեսնելով մեր բարի գործերը, պիտի վարձատրի մեզ հարուցյալ կյանքով»:
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսով եւ Հայրապետական սիրով Վեհափառ Հայրապետն իր ողջույնները հղեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալներին` Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյանին, Քույր Եկեղեցիների հոգեւոր պետերին, Հայաստանյայց Եկեղեցու բարեջան բոլոր սպասավորներին եւ հավատավոր ժողովրդին:
Նորին Սրբությունն իր օրհնությունն ու ողջույնը բերեց Ս. Պատարագին ներկա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին եւ պետական ողջ ավագանուն` մաղթելով նոր հաջողություններ` ի սեր մեր Հայրենիքի եւ հանուր հայ կյանքի:
Սուրբ Պատարագի արարողությանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտության, կրթության եւ մշակույթի գործիչներ:
Հավարտ Սուրբ Պատարագի Վեհարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետն ամենքին վերստին փոխանցեց Տիրոջ հրաշափառ Հարության հոգենորոգ ավետիսը: