Սուրբ Ծնունդը Մայր Աթոռում

Սուրբ Ծնունդը Մայր Աթոռում 06.01.2013
Սուրբ Ծնունդը Մայր Աթոռում

     Հունվարի 6-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը, որի բերկրաշատ առիթով համայն հայության հոգևոր կենտրոնում` Միածնաէջ Մայր Տաճարում, Ս. Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
     Տաճարի զանգերի ավետաբեր ղողանջների ներքո հայրապետական շքեղ թափորը Վեհարանից Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին ամպհովանիով առաջնորդեց Մայր Տաճար: Ամպհովանակիրներն էին` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը, երգիչ-երգահան Վահան Արծրունին, Ս. Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը և ԳԱԱ Փիլիսոփայության և սոցիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանը:      Ս. Պատարագի ընթացքում Նորին Սրբությանը որպես առընթերականեր սպասավորում էին Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
     Սբ. Ծննդյան հանդիսավոր Պատարագին Ամենայն Հայոց Կաթողիկոսը տոնի առիթով հայրապետական իր պատգամն ուղղեց աշխարհասփյուռ համայն հայությանը` ամենքին փոխանցելով հրեշտակաբարբառ ավետիսը:
     Սբ. Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց Ջրօրհնեքի արարողությունը: Այս տարի Մայր Տաճարում ջրօրհնեքի Խաչի կնքահայրն էր ակադեմիկոս Սեն Արևշատյանը:
     Սբ. Պատարագի արարողությանը ներկա էին ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ, կառավարության անդամներ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, կրթության, գիտության և մշակույթի ներկայացուցիչներ:
     Սբ. Պատարագից հետո Ալեք և Մարի Մանուկյան Գանձատան սրահում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն: