Սուրբ Էջմիածնին ընծայեցին Քրիստոսի պատանքի կրկնօրինակը

Սեպտեմբերի 17-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հյուսիսային Իտալիայից Հայաստան ժամանած մի խումբ ուխտավորների` գլխավորությամբ մոնսինյոր Դոն Ջուզեպպե Գիբերտի:

Հանդիպման ընթացքին մոնսինյոր Գիբերտին Նորին Սրբությանը ներկայացրեց Թուրինում պահվող Քրիստոսի պատանքի պատմությունը եւ Թուրինի կարդինալ Սեվերինո Պոլետտոյի նախաձեռնությունը, որով պատանքի կրկնօրինակները նվիրաբերվում են քրիստոնեական եկեղեցիներին: Այնուհետեւ մոնսինյոր Դոն Ջուզեպպե Գիբերտին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին նվիրեց Թուրինում պահվող Հիսուս Քրիստոսի պատանքի կրկնօրինակը:

Վեհափառ Հայրապետը, ողջունելով Ս. Էջմիածին այցելած ուխտավորներին, Հայրապետական իր օրհնությունն ու շնորհակալությունը հայտնեց նրանց թանկագին նվերի համար: Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ Մայր Աթոռի թանգարանում պատանքի կրկնօրինակի ցուցադրումը հայ հավատացյալներին նույնպես հաղորդ կդարձնի Տիրոջը եւ կնպաստի նրանց հավատքի զորացմանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ նաեւ Հայ եւ Կաթոլիկ Եկեղեցիների միջեւ առկա ջերմ հարաբերություններին` վերհիշելով Հռոմի Բենեդիկտ ԺԶ Պապի հրավերով այս տարվա մայիսին Վատիկան կատարած իր պաշտոնական այցը: Վերջում Նորին Սրբությունը պատասխանեց ներկաների հարցերին: