Սուրբ Էջմիածնի տոնը Մայր Աթոռում
Հունիսի 2-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հանդիսավորությամբ նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Գեղարքունիքի թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Պատարագիչ Սրբազան Հայրը, իր քարոզում անդրադառնալով տոնի կարևորությանն ազգային-եկեղեցական կյանքում, մասնավորապես ասաց. «Անշուշտ Ս. Էջմիածինը դարերի ալեկոծություններ տեսավ, Հայրապետական աթոռն աստանդական եղավ, սակայն երբեք Ս. Էջմիածնի հավերժական տեսիլքն իր պատմական վայրից չխախտվեց, տեսիլքը մնաց այստեղ ու վերահաստատեց իր պատմական հանգամանքը: …Տասնյոթ դարեր անցան հավատքի և հավատարմության, թեկուզև փորձությունների ու վերաշինության, բայց անմար լույսի սյունը, Աստծո տաճարն ու աղոթքի տունը հարատև նույն տեղում է և մշտապես ձգում է համայն հայությանը»:
Սրբազանը հավատացյալ հայորդիներին պատգամեց չխախտել իրենց հավատարմության ուխտը և հաստատուն պահել նվիրումը Ս. Էջմիածնի հանդեպ:Պատարագի ավարտին Իջման Ս. Սեղանի առջև, հանդիսապետությամբ Մայր Աթոռի Վանական խորհրդի նախագահ և Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, կատարվեց Հայրապետական մաղթանք` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պայծառության և անսասանության համար: