Սուրբ Էջմիածնի տոնը Մայր Աթոռում
Հունիսի 10-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Կաթուղիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Միածնաէջ Մայր ՏաՃարում պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:
Պատարագիչ Սրբազան Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց: Անդրադառնալով տոնի կարեւորությանը յուրաքանչյուր հայի համար` Սրբազանն ասաց. «Հայ ժողովուրդը հաստատված ու արմատացած է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջի եւ Սուրբ Էջմիածնի վրա: Հայ մարդը, որ միշտ սիրել է արարել ու ստեղծագործել, անհնարինը գործել դժվարին պայմանների մեջ, երբ հեռու է գտնվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, Գրիգոր Լուսավորչի օրհնությունից, նա չի կարող գոյատեւել: Չնայած որ հայ ժողովուրդն աշխարհի տարբեր ծագերում ունի բազում տաճարներ, բազում սրբատեղիներ ու աղոթարաններ, սակայն ունի մեկ Սուրբ Էջմիածին, որտեղ Աստված իջավ, որտեղ հաստատեց հայոց Հայրապետական Աթոռը եւ որտեղից դարեր շարունակ օրհնություն է բաշխվում համայն հայությանն ամբողջ աշխարհում»: Ընդգծելով, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ամրակուռ հավատքի այն վեմն է, որ միավորում է հայի ոգին, Սրբազան Հայրը ուրախությամբ նշեց, որ այսօր Հայոց Հայրապետական Աթոռը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, վերստին ապրում է փառքի ու հզորության օրեր:
«…Սյսօրվա տոնն ունի մեկ խորհուրդ, այն է` հավատարիմ լինել Սուրբ Էջմիածնին, սիրել այս Աթոռը եւ հավատարմությամբ կատարել Հայոց Հայրապետի պատգամները, ինչպես նաեւ որեւէ տեսակի ժամանակավոր ու անցողիկ արժեք չփոխել այն սրբազնագույնի, այն հավերժականի հետ, որ կոչվում է Սուրբ Էջմիածին», - պատգամեց պատարագիչ Սրբազանն իր խոսքում:
Պատարագի ավարտին Իջման Ս. Սեղանի առջեւ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց Հայրապետական մաղթանք` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության եւ պայծառության համար: