Սուրբ Էջմիածնի տոն
Հունիսի 6-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Էջմիածնի տոնը:
Տոնի առիթով Մայր Աթոռի Միածնաէջ ս. Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Իսպանիայում եւ Պորտուգալիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ Տ. Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը:
Պատարագի սրբազան արարողությանը մասնակցում էին թեմակալ առաջնորդները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված միաբանական հինգերորդ հավաքի 85 մասնակիցները, այս առիթով ժամանած բազում ուխտավորներ:
Հավարտ Ս. Պատարագի, Իջման սուրբ Սեղանի մոտ պատարագիչ Հայր Սուրբը քարոզ խոսեց «Էջմիածինը մեր ուխտն է» բնաբանով: «Աստծո Միածին Որդին երկու վայրում է իջել` առաջինն Երուսաղեմում էր, երկրորդը` այս սրբավայրում, որ հետագայում դարձավ բոլոր հայերի հայրենիքը: Այս տաճարը դարձավ մեր հավատի կենտրոնը:
... Ոստի մենք իբրեւ ժառանգներ խոնարհվենք եւ համբուրենք այս սուրբ վայրը, բարձր պահենք Լուսավորչի գահին նստած մեր գահակալի` Վեհափառ Հայրապետի անունը եւ նրան լինենք զորակից, որ ուղեկցի մեզ դեպի ապագա», - նշեց Հայր Սասունը:
Ապա հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց մաղթանք Ս. Էջմիածնի: Ներկաներն աղոթեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պայծառության եւ անսասանության համար: