Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Սուրբ Էջմիածնում
Օգոստոսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվեց Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը, որի առիթով մատուցվեց Սբ. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Սբ. Պատարագի ընթացքում Սրբազան Հայրն անդրադարձավ տոնի խորհրդին եւ ողջ քրիստոնեական սրբազան ավանդության մեջ փառաբանված ու օրհներգված սուրբ Տիրամոր կերպարին` իբրև սրբության եւ մաքրության, խոնարհության, հնազանդության ու հավատարմության կենդանի օրինակ յուրաքանչյուր քրիստոնյայի համար:
Հավարտ Սբ. Պատարագի Մայր Տաճարից եկեղեցականաց թափորն ուղղվեց դեպի Սբ. Տրդատի Բաց Խորան, ուր հանդիսապետությամբ Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, կատարվեց Խաղողօրհնեքի արարողություն: Սբ. Ներսես Շնորհալի Հայրապետի աղոթքի ընթերցումից եւ հոգեզմայլ շարականների երգեցողությունից հետո հանդիսապետ Սրբազան Հայրն օրհնեց խաղողն ու տարվա ողջ բերքը: Վերջում միաբան սարկավագները օրհնված խաղողի ողկույզները բաժանեցին ժողովրդին: Հաջորդ օրը` օգոստոսի 13-ին, մատուցվեց հոգեհանգստյան Սբ. Պատարագ ննջեցյալ հոգիների խաղաղության ու հանգստության համար: