Սուչավայի Հաճկատարի վանքը
Սիրելի´ հայրենակիցներ,
Հայկական տպագրության սկզբնավորումից հետո 2012 թ. երկրորդ նշանակալից հինգհարյուրամյակը կապվում է Սուչավայի Հաճկատարի վանքի հիմնադրման հետ:
1512թ., երբ Միջերկրականի ափերին` Վենետիկում, Հակոբ Մեղապարտը հրատարակում էր հայերեն առաջին տպագիր գիրքը, Եվրոպայի մեկ այլ կենտրոնում` Ռումինիայի Սուչավա քաղաքում, որը հայ մատենագրության մեջ հայտնի է Սեչով անվամբ, Տոնավագ տոհմանունը կրող վաճառական երկու եղբայրներ դեպի Վիեննա իրենց ճանապարհին` այս քաղաքի մերձակա բլուրներից մեկի վրա, մի հրաշալի տեսիլք տեսան` երկնքից երկիր իջնող հրեշտակաձայն օրհնությամբ լեցուն: Արթնանալով` ուխտեցին հիմնել մի վանք, որն էլ իրականացրեցին նույն տարում: Ուխտի կատարմամբ կառուցված այս վանքը կարճ ժամանակում դարձավ սրբավայր ոչ միայն ռումինահայության, այլև ռումինացիների համար` հռչակվելով որպես Եվրոպայի հայության Սուրբ Կարապետ:
«Հաճկատար» նշանակում է «հաճոյից կատար», այսինքն` ցանկությունները, խնդրանքները կատարող` խնդրակատար: Մեր ժողովուրդը Հաճկատար անունն է տվել Տիրամորը նվիրված մի շարք նշանավոր սրբավայրերի` ապավինելով Տիրամոր բարեխոսությանը խնդրանքների կատարման համար:
Ուխտավորների առջեւ առաջինը գծագրվում է բլրի վրա բարձրացող վանքի խաչը, որի համար ժողովուրդը Հաճկատարն անվանում է նաեւ Խաչկատար` խնդրանքների կատարումը խաչին ապավինելով:
Պատահական չէ եւ մեծ խորհուրդ ունի Հաճկատարի հենց Սուչավայում հիմնվելը: Սուչավան Եվրոպայի հայկական հնագույն թեմական կենտրոններից է, որն առանձին թեմ է հռչակվել դեռեւս 1401թ. Ալեքսանդր Բարի իշխանի հատուկ հրովարտակով` մի քանի հարյուրամյակ մնալով Արևելյան Եվրոպայի հայությանը համախմբող կարևորագույն կենտրոններից մեկը: 15-16-րդ դարերում Սուչավայում կառուցվել են վեց հայկական եկեղեցիներ ու երկու վանքեր: Ողջ Եվրոպայում դժվար է գտնել մեկ այլ քաղաք, ուր այսքան հայկական վանք ու եկեղեցի կառուցված լինեն եւ այն էլ այս դարերում:
Այս զարմանահրաշ երևույթը հոգեւոր մի խորին խորհուրդ ունի: Սուչավայի հայերի նախնիներն այստեղ են հասել Անի – Ղրիմ - Ուկրաինա - Ռումինիա երկար ճանապարհն անցնելով եւ շառավիղներն են Բագրատունյաց փառքի պսակը եղող Անիի: Այս պատճառով է, որ ճանաչված պատմաբան Սուրեն Քոլանջյանն իր մեծարժեք ուսումնասիրությունը վերնագրել է «Սուչավան` Ռումինահայոց Անին»:
Սուչավայի հայությունը ոչ միայն Անիից սերված լինելու հիշողությունն ու գիտակցությունն է պահել, այլեւ եկեղեցաշինության ոգին` Անիի հազար ու մեկ եկեղեցիների մի մանրակերտը ստեղծելով Սուչավայի հայկական հոգեւոր օջախներով:
Համայն հայությունը վերջերս տոնեց Անիի` Բագրատունյաց մայրաքաղաք հռչակվելու 1500-ամյակը: Սուչավայի Հաճկատարի 500-ամյակն անիական փառքի եւս մեկ ղողանջումն է, որը գալիս է հավաստելու, որ Անին շարունակվեց անիականությամբ, Անիից սերված լինելու հպարտ գիտակցությամբ:
Հաճկատարն այնքան հռչակված է եղել, որ ռումինացիներն այն կոչել են պարզապես Միտոկուլ Արմենեսկ` Հայոց վանք: Սուչավայի պատմության կարեւոր հիշատակներից է եւ այն, որ աբեղայական ձեռնադրությունից հետո մինչեւ հոգեւորականի իր գործունեությունը սկսելը քառասնօրյա առանձնացման շրջանը Վազգեն Վեհափառը 1943թ. անցկացրել է այս վանքում:
Քանի որ Հաճկատարը նվիրված է Տիրամորը, գլխավոր ուխտագնացությունը թե‘ հայերի և թե‘ ռումինացիների կողմից կատարվում է Տիրամոր Վերափոխման տոնին:
Հաճկատարը ունի նաեւ անչափ թանկ ու նվիրական մի մասունք` Տաթեւի վանքի զանգը, որի վրայի արձանագրությունում ասվում է, որ այն պատրաստվել է 1244թ.: Այս զանգով անիական վերհուշին միախառնվում են հայոց լեռնաշխարհի վանքերի ղողանջները:
Ռումինահայ եւ այժմ ամերիկաբնակ Հակոբ Գույումճյանի մեծազնիվ նվիրատվության եւ ռումինական իշխանությունների իրականացրած աշխատանքների շնորհիվ լիովին նորոգվել է Հաճկատարը եւ այս տարի Տիրամոր Վերափոխման տոնին` օգոստոսի 12-ին այստեղ մատուցվելիք հայրապետական Ս. Պատարագի ելեւէջներն ու Տաթեւի վանքի զանգի ղողանջները ոչ միայն ազդարարելու են Հաճկատարի պատմության առաջին հինգհարյուրամյակի ավարտը, այլեւ երկրորդ հինգհարյուրամյակի սկիզբը:
Հաճկատարի 500-ամյակի առիթով օգոստոսի 10-12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր հովանավորությամբ կիրականացվի ուխտագնացություն եւ կմատուցվի Ս. Պատարագ: Սիրով հրավիրում ենք մեր ժողովրդի զավակներին մասնակցություն բերելու կատարվելիք ուխտագնացությանը եւ հանդիսություններին` կրկնելով ուխտավորների սրտից բխած եւ հարյուրամյակների վաղեմություն ունեցող հետևյալ խոսքերը.
Սուրբ Հաճկատար, փոքրիկ տաճար,
Ամենեցուն դու տաս մեզ ճար,
Սուրբ Հաճկատար, փոքրիկ բլուր,
Ամենեցուն խնդիրքը տուր: