Սկսվեցին սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացները
Հուլիսի 17-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր ճեմարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր հովանավորությամբ տեղի ունեցավ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացների հանդիսավոր բացումը:
Ամենամյա այս դասընթացներն արդեն երկրորդ տարին է, ինչ անց են կացվում Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ կազմակերպվող մեկամսյա դասընթացների ընթացքում սփյուռքահայ ուսուցիչները հարստացնում են իրենց գիտելիքները հայագիտության, հոգեբանության եւ մանկավարժության բնագավառներում:
Այս տարի Մայր Աթոռում հյուրընկալվել են 70 ուսուցիչներ, որոնք ժամանել են ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Բրազիլիայից Ռումինիայից, Իրանից, Սիրիայից, Լիբանանից, Ուկրաինայից, Լիտվայից եւ Վրաստանից:
Դասընթացների բացման արարողության ընթացքում ներկաներին Վեհափառ Հայրապետի օրհնությունը փոխանցեց Մայր Աթոռի միաբան Տ. Ներսես արքեպս. Պոզապալյանը: Ելույթներ ունեցան Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Ղուկաս աբեղա Զաքարյանը, ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, ՀՀ ԱԺ կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հան
ձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը, որոնք բարձր գնահատեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ավանդը ազգանվեր այս ծրագրի իրագործման մեջ: Վերապատրաստման եկած ուսուցիչների կողմից հանդես եկավ Հալեպցի Երան Զեյթունցյանը:Բացմանը ներկա էին Մայր Աթոռի միաբանության անդամներ, ուսուցիչներ, ՀՀ ԲՈՒՀ-երի դասախոսներ:
Բացման հանդիսությունը փակվեց «Պահպանիչ» աղոթքով: