Սկսվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Վրաստան
Հունիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը միջեկեղեցական եւ հովվապետական վեցօրյա այցով մեկնեց Վրաստան` հրավերով Վրաց Ուղղափառ եկեղեցու Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի եւ Վիրահայոց թեմի թեմական խորհրդի:
Ամենայն Հայոց Կաթողիկոսին այցի ընթացքում ուղեկցում են Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, ՙԷջմիածին՚ ամսագրի փոխխմբագիր Տ. Շահե աբեղա Անանյանը` որպես գավազանակիր, տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը, կաթողիկոսական գրասենյակի քարտուղար Տ. Ադամ քահանա Մակարյանը, դոկտ. Նիկոլայ Հովհաննիսյանը եւ պրոֆ. Դավիթ Մուրադյանը:
Մինչ Բագրատաշեն հասնելը, Տավուշի մարզի սահմանին Հայոց Հայրապետին դիմավորեցին Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ Տ. Թորգոմ վարդապետ Տոնիկյանը եկեղեցականաց դասի ուղեկցությամբ եւ Տավուշի մարզային իշխանությունների ներկայացուցիչները` գլխավորությամբ մարզպետ Արմեն Ղուլարյանի:
Ամենայն Հայոց Կաթողիկոսին Բագրատաշեն սահմանակետում դիմավորեցին Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Ջավախքում ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբկեն աբեղա Սալբյանը, թեմի հոգեւոր դասը, Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը: Ազգային տարազներով զգեստավորված երիտասարդներ աղ ու հացով ողջունեցին Վեհափառ Հայրապետին: Այնուհետեւ վրացական Սադախլո անցակետում պատվիրակությանը դիմավորեց Նորին Սրբություն Իլիա Բ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքը, Վրաց Ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականներ, ինչպես նաեւ Թբիլիսիի ու Մառնեուլիի շրջանի սահմանամերձ հայ համայնքների ներկայացուցիչներ:Եղբայրական ողջագուրումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջույնի խոսքով դիմեց Իլիա Բ Պատրիարքին եւ ներկա ժողովրդին: ՙՄենք անչափ ուրախ ենք որ մեր մուտքը Վրաստան ողջունվում է այսպիսի ջերմությամբ վրաց եւ հայ հավատացյալների կողմից: Ձեր ժպտացող դեմքերն ու հայացքները խոսում են այն ուրախության մասին, որով դուք ընդառաջ եք ելել ձեր Հայրապետներին՚, - նշեց Նորին Սրբությունը: Ապա Իլիա Բ Պատրիարքը բարի գալուստ մաղթեց Ամենայն Հայոց Հայրապետին` անդրադառնալով երկու ժողովուրդների բարեկամությանը:
Այնուհետեւ Ամենայն Հայոց Հայրապետի պատվիրակությունը եւ դիմավորողները մեկնեցին Թբիլիսի, ուր Սուրբ Երրորդություն (Սամեբա) մայր տաճարում տեղի ունեցավ բարիգալստյան պաշտոնական արարողությունը, որին ներկա էին Հայ եւ Վրաց Եկեղեցիների բազում հավատացյալներ: Իրենց օրհնությունը բաշխելով տաճարի առջեւ հավաքված ժողովրդին եւ եկեղեցականությանը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Համայն Վրաստանի Պատրիարք-Կաթողիկոսը շարականների երգեցողության ներքո մուտք գործեցին Ս. Երրորդություն եկեղեցի, ուր Վրաց Իլիա Բ Պատրիարքը վերստին ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Վրաստան:
Ներկա հոգեւոր դասին եւ բարեպաշտ ժողովրդին այս առիթով իր օրհնությունն ու պատգամը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Գոհություն հայտնելով Բարձրյալին հանդիպման համար` Նորին Սրբությունը մասնավորաբար նշեց. ՙՎրաստան ենք ուղեւորվել Ձեր հրավերով եւ Վիրահայոց թեմ Հովվապետական այց կատարելու համար£ Ձերդ եղբայրության հետ աղոթական օրեր պիտի ապրենք հանդիպելով մեր եկեղեցիների հավատավոր զավակներին, այցելելով հայոց եւ վրաց եկեղեցիներ ու վանքեր£ Պիտի քննարկենք երկուստեք մեր եկեղեցիներին հուզող հարցեր եւ խոսենք մեր համագործակցությունը զորացնելու հնարավորությունների մասին£ Եկել ենք քաջալեր հոգով եւ հավատով, որ մեր հանդիպումը պիտի ամրապնդի դարերով վկայված եղբայրությունը եւ բարեկամությունը մեր ժողովուրդների եւ նոր առիթ դառնա պատասխաններ գտնելու մեր առջեւ այսօր հառնող հարցերին, հաղթահարելու մեր մտահոգություններն ու դժվարությունները` ի սեր այն մեկ եւ նույն հույսի, որին Աստված կոչեց մեզ£
...Աստծո օրհնությամբ մեր առաքելությունը արգասավորելու բարի առավոտ է բացվել£ Մեր ժողովուրդները ուրախությունն են ապրում իրենց հայրենի ազատ պետականության վերահաստատման եւ իրենց հոգեւոր-եկեղեցական կյանքի վերանորոգության£ Այսօր, երբ կրոնական արժեքների անտեսման, բարոյական հարաբերապաշտության եւ բազմաթիվ այլ կեղծ ազատատենչ գաղափարախոսությունների հետեւանքով մարդկությունը կանգնած է աշխարհիկացված` կրոնաթափ հասարակության վտանգի առջեւ, մխիթարություն է Մեզ համար, որ արդյունավոր է մեր եկեղեցիների առաքելությունը եւ մեր տաճարները բազմամարդ են Աստծո խոսքը լսելու կարոտ հավատացյալներով: Մեր ժողովուրդներին, որ քրիստոնեական հավատքը կրում են որպես մաշկի գույն, ոչ մի մոլորեցնող ուսմունք ու վարդապետություն, կարիքի ու նեղության մեջ սուտ, խաբեպատիր ոչ մի խոստում չեն կարող հեռացնել ազգային-հոգեւոր մեր Սուրբ Ավանդությունից, առաքելաշավիռ ճանապարհից մեր եկեղեցիների՚:
Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը մաղթեց, որ Տերը խաղաղ պահպանի Հայաստանն ու Վրաստանը եւ արդյունավորի ջանքերը` ի սեր երկու Եկեղեցիների եւ ժողովուրդների եղբայրության զորացման ու ամրապնդման: