Սկսվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հովվապետական այցը Հնդկաստան
Փետրվարի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանեց Հնդկաստան: Նոր Դելիի` Ինդիրա Գանդիի անվան միջազգային օդանավակայանի բարձրաստիճան հյուրերի սրահում Վեհափառ Հայրապետին եւ իր շքախմբին դիմավորեցին Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան տիար Աշոտ Քոչարյանը եւ Հայաստանի դեսպանատան աշխատակիցները:
Հաջորդ օրը, փետրվարի 24-ին, Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորած պատվիրակությունը ՀՀ դեսպանի ուղեկցությամբ այցելեց Նոր Դելիում գտնվող Հնդկաստանի ազգային հերոս եւ Հնդկաստանի անկախության շարժման առաջնորդ Մահատմա Գանդիի հուշահամալիր: Համալիրի մուտքին Վեհափառ Հայրապետին դիմավորեց հուշահամալիրի տնօրենը եւ ուղեկցեց այգու կենտրոնում գտնվող Գանդիի շիրմաքարի մոտ: Նորին Սրբությունը ծաղկեպսակ դրեց Մահատմա Գանդիի գերեզմանին եւ աղոթք բարձրացրեց աշխարհում խաղաղության, ազգերի միջեւ եղբայրության համար: Հայրապետը նաեւ գրառում կատարեց համալիրի հուշամատյանում:
Նույն օրը Հայրապետական պատվիրակությունը այցելեց նաեւ հնդիկ հավատքի հուշարձան ու տաճար հանդիսացող «Ակշարդհամ» համալիր, ուր Նորին Սրբությանը դիմավորեցին հնդիկ քահանաներ` սվամի Սադհու Ատմասվարուպադասի գլխավորությամբ: Համալիրում շրջելու ընթացքում Վեհափառ Հայրապետին ներկայացրեցին Հնդկաստանի պատմությունը, մշակույթը եւ ազգային սովորույթները: Կեսօրին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելեց նաեւ Հնդկաստանի Ազգային թանգարան:
Կիրակի օրը Վեհափառ Հայրապետն իր շքախմբով մեկնեց Ագրա քաղաք, ուր 1562 թ-ին կառուցվել էր Հնդկաստանում երկրորդ հայկական եկեղեցին` Սբ. Մարտիրոսը: Ներկայիս եկեղեցին կանգուն չէ, սակայն Ագրայի գերեզմանատանը պահպանվել են մի շարք հայկական շիրմաքարեր: Ագրայում գտնվելու ընթացքում պատվիրակությունն այցելեց նաեի Թաջ Մահալ եւ Ագրայի ամրոց: