Սիրիայի Արաբական Հանրապետության մուֆթին այցելեց Ծիծեռնակաբերդ
Սեպտեմբերի 3-ին Սիրիայի Արաբական Հանրապետության մուֆթի Շեյխ Ահմադ Բադր Ալ - Դին Հասսունը եւ իր պատվիրակությունը` ուղեկցությամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի, Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի, Տ. Արարատ ծ. վրդ. Գալթագճյանի եւ Տ. Հովակիմ վրդ. Մանուկյանի, այցելեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Շեյխ Հասսունը եղավ Ցեղասպանության թանգարանում, ուր գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում: Այնուհետեւ Սիրիայի մուֆթին Հայոց Եղեռնի զոհերի հուշարձանին ծաղկեպսակ զետեղեց եւ իր հարգանքը մատուցեց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«...Եթե ժողովուրդներն իրապես հետեւեին իրենց կրոններին` ...այս ջարդերը չէին լինի: Ցավի այս պահերից հայ ժողովուրդը պետք է վերականգնվի եւ կյանք առնի, շինի եւ կառուցի Հայաստանը խաղաղությամբ», - մասնավորաբար ասաց Շեյխ Ահմադ Բադր Ալ - Դին Հասսունը` վստահություն հայտնելով, որ հայ ժողովուրդը, ուր էլ որ լինի Սփյուռքում, պիտի ձեռք երկարի եւ օգնի վերականգնելու Մայր Հայաստանը:
Սիրիայի Հանրապետության մուֆթին նշեց, որ մեր ցավերը մեզ ատելություն չսովորեցրեցին, այլ ուղղություն ցույց տվեցին մեր ժողովուրդներին` հետեւելու աստվածային ճանապարհին: