Սեւանի Վազգենյան Հոգեւոր դպրանոցում բացվեց Վազգեն Ա Վեհափառի արձանը

Հոկտեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Նորին Սրբության հրավերով Հայաստան ժամանած լիբանանցի հասարակական գործիչ տիկ. Լեյլա Սոլ Համադեն այցելեցին Սեւանի Վազգենյան Հոգեւոր դպրանոց: «Հրաշափառի» երգեցողությունից հետո ներկաներին ողջույնի խոսքով դիմեց դպրանոցի տեսուչ Տ. Գեւորգ աբեղա Սարոյանը` անդրադառնալով Վազգեն Ա Շինարար Հայրապետի կյանքին եւ գործունեությանը: «Վեհափառ Հայրապետը անաստվածության եւ հալածանքի տարիներին ոչ միայն կարողացավ պահպանել մեր ժողովրդի մեջ քրիստոնեական հավատքի հետ կապը, որն ամեն վայրկյան թվում էր թե կկտրվի, այլեւ նախապատրաստեց նրան քրիստոնեական հավատքի նոր վկայության: Դա հաջողվեց նրան, որովհետեւ նա հույսի եւ տեսիլքի մարդ էր: Վազգեն Ա հակառակ բոլոր դժվարությունների, նեղությունների եւ հալածանքների այդ տարիներին երբեք չկորցրեց իր հույսը, գործեց հանուն ազգի եւ եկեղեցու: Գործեց, քանի որ հավատում էր, թե գալու է այն երկար սպասված օրը, երբ հայ ազգը հռչակելու է իր անկախությունը, գալու է այն երջանիկ պահը, երբ հայոց հողում կրկին անկաշկանդ կերպով քարոզվելու է Քրիստոսի Ավետարանը»,- նշեց Հայր Սուրբն իր խոսքում:

Այնուհետեւ Նորին Սրբության հանդիսապետությամբ տեղի ունեցավ երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի արձանի բացման արարողությունը: Արձանը քանդակվել է Արա Շիրազի կողմից եւ զետեղվել դպրանոցի բակում` բարերարությամբ Պերճուհի Ճռնազյանի` ի հիշատակ հանգուցյալ ամուսնու` Հայկ Էմիրյանի:

Արարողությունից հետո տիկ. Համադեն Նորին Սրբության առաջնորդությամբ շրջեց Վազգենյան Հոգեւոր դպրանոցում, ծանոթացավ ճեմարանականների պայմաններին եւ ուսումնական գործընթացին: Ամենայն Հայոց Հայրապետը եւ պատվարժան հյուրն այցելեցին նաեւ Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի մատուռ եւ Ս. Առաքելոց վանք:

Նույն օրն Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ տիկին Համադեն եղան Կեչառիսի եւ Գեղարդի վանական համալիրներում: