«Սբ. Սահակ-Սբ. Մեսրոպ» շքանշաններ մշակույթի գործիչներին

Հունիսի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Վեհարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Սբ. Սահակ-Սբ. Մեսրոպ» պատվո բարձր շքանշաններ հանձնեց հայ մշակույթի անդաստանում մեծ վաստակ ունեցող երեք անվանի գործիչների` տիկին Սվետլանա Գրիգորյանին, տիար Պերճ Զեյթունցյանին եւ տիար Ռուբեն Մաթեւոսյանին:

Հանդիսավոր արարողության ընթացքին մեծարյալների կյանքի ուղուն եւ ստեղծագործական վաստակին անդրադարձան Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը, Հայաստանի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը եւ կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը:

Ապա «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո ներս բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակները եւ ընթերցվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանի կողմից:

Տիկին Սվետլանա Գրիգորյանին շնորհված կոնդակում ասվում է. «...Թատերասեր հասարակությանը քաջածանոթ եւ սիրելի են Ձեր անունն ու բարձրարվեստ դերակատարումները: Տասնամյակներ շարունակ Դուք Ձեր տաղանդն ու վարպետությունը հոգու ողջ նվիրումով ծառայեցրել եք հայ թատրոնին: Մեծ է Ձեր վաստակը Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, որի ներկայացումներն առանձնակի գունեղություն եւ հնչեղություն են ստանում Ձեր ուրույն դերասանական խաղով: Ի գնահատություն բեմարվեստի ասպարեզում անվանի հայուհուդ նշանակալի հաջողությունների` Դուք իրավամբ արժանացել եք պետական բարձր պարգեւների ու կոչումների: Մեզ համար առանձնակի գոհունակություն է հաստատել, որ մշակույթի ու արվեստի հանդեպ նախանձախնդրությամբ ու անկեղծ նվիրումով շարունակում եք թատերական Ձեր գործունեությամբ ուրախություն եւ հիացում պարգեւել հայ հանդիսատեսին»:

Տիար Պերճ Զեյթունցյանի կոնդակում ասվում է. «...Տաղանդավոր հայորդուդ անունն ու գրական գործունեությունը հանրաճանաչ են ընթերցասեր լայն շրջանակներում: Դուք արժեքաւոր ստեղծագործություններով բարեզարդում եք հայ գրականության հարուստ անդաստանը` ազգասեր ու հավատավոր մտավորականի Ձեր արժանավոր մասնակցությունը բերելով մեր մշակույթի նորոգ զարթոնքին ու հասարակական կյանքի առաջընթացին: Ձեր գրական գործերը, որ հատկանշվում են խոհափիլիսոփայական մտածողությամբ, ընթերցողին վեր են բարձրացնում առօրյա իրականությունից, հաղորդակցում ճշմարիտ ու մնայուն արժեքներին, մարդկային վեհագույն խոհերին ու ձգտումներին: Այսօր Ձեր պիեսները հաջողությամբ բեմադրվում են մայրաքաղաքի թատրոններում` մեծ ընդունելության արժանանալով թատերասեր հասարակության կողմից: Գոհունակություն է Հայրապետիս համար հաստատել, որ Ձեր արդյունաշատ գործունեության ողջ ընթացքին մշտապես դրսեւորել եք որդիական անկեղծ սեր ու հավատարմություն` հանդեպ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին եւ լուսավորչահաստատ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը»:

«Ձեր նվիրումի ոգին Դուք ամբողջապես արտահայտել եք երգարվեստի ասպարեզում` Ձեր աստվածպարգեւ տաղանդը ի սպաս բերելով արվեստի ճանապարհով Հայրենիքին ու հարազատ ժողովրդին ծառայելու առաքելությանը: Ահավասիկ, տասնամյակներ շարունակ Հայաստանի եւ աշխարհի տարբեր բեմահարթակներից Ձեզ հատուկ ներշնչանքով Դուք մատուցում եք մեր ազգային երաժշտության գոհարները` ունկնդիրներին գրավելով Ձեր ձայնի գեղեցկությամբ ու կատարողական բարձր վարպետությամբ: Երգչի Ձեր հաջողությունների ու ձեռքբերումների խոսուն վկայություններն են պետական բազում մրցանակները, կոչումներն ու պարգեւները, բայց առավել` ճանաչումն ու անկեղծ սերը երաժշտասեր հայորդյաց: Մեծ ու գնահատելի է նաեւ Ձեր ավանդը երաժիշտների նոր սերունդ պատրաստելու շնորհակալ գործում: Շուրջ երկու տասնամյակ դասավանդելով Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, Դուք Ձեր սաներին փոխանցում եք Ձեր գիտելիքներն ու վարպետությունը եւ արվեստագետի Ձեր ճաշակը` նրանց հաղորդ դարձնելով ազգային երաժշտության մաքուր ակունքներին»,- ասվում է Ռուբեն Մաթեւոսյանին շնորհված Հայրապետական կոնդակում:

Այնուհետեւ ծափողջույնների ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծարյալների կուրծքը զարդարեց «Սբ. Սահակ- Սբ. Մեսրոպ» շքանշանով, որից հետո շքանշանակիրներն իրենց սրտի երախտագիտական խոսքն ուղղեցին Նորին Սրբությանն ու ներկաներին: «Շատ պարգեւներ եմ ստացել, սակայն այսքան չեմ հուզվել»,- նշեց տիկին Գրիգորյանը` շնորհակալություն հայտնելով Հայրապետին հայոց մշակույթի հանդեպ մշտապես դրսեւորվող հոգածու վերաբերմունքի համար: «Այս շքանշանը հոգեւոր իմաստ եւ խորհուրդ ունի: Հայոց Եկեղեցին Աստծո տուն է, բայց եւ այնպես մեր ամբողջ պատմության ընթացքին շաղախված է եղել ազգային բովանդակությամբ. այն նաեւ ազգային տուն է մեզ համար»,- նշեց տիար Զեյթունցյանը` հաստատելով, որ հայ մտավորականությունը միշտ կանգնած է եղել Եկեղեցու կողքին: Հայ ժողովրդի կյանքում Հայ Եկեղեցու առաքելության կարեւորությանն անդրադարձավ տիար Մաթեւոսյանը` ընդգծելով, որ եկեղեցու շքանշանն ամենից բարձրն է իր կյանքում:

Հանդիսությունն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: «Պարգեւի արժանացած մարդիկ եղան այն քչերից, որոնք դժվարին ժամանակներում շարունակեցին իրենց արվեստով ոգի պարգեւել մեր ժողովրդի զավակներին: Նրանք եղան այն անձինք, ովքեր դժվարին պայմաններում շարունակեցին իրենց արվեստով հիացնել, մխիթարել նույնիսկ մեր ժողովրդին: ...Այն վկայությունը, այն խոսքերը, որ արտասանվեցին այսօր, մեր ժողովրդի անսասան ոգու, անսասան հավատի ու կամքի մասին, իրապես, ոչ միայն մեզ ոգեւորություն պարգեւեցին, ոչ միայն մեզ հպարտություն ներշնչեցին ու խասնդավառեցին, այլ նաեւ այս վկայությունները լավատեսության ոգին վառեցին դեպի մեր վաղվա օրը»,- ասաց Հայոց Հայրապետը` բարձր գնահատելով մեծարյալների հայրենասիրությունը, այս հողի ու մեր ժողովրդի նկատմամբ ունեցած իրենց մեծ եւ անհուն սերը, որը մղել է նրանց աշխատելու եւ ստեղծագործելու, կերտել է նրանց բարի անունը, դարձրել է նրանց մեր ժողովրդի արժանավոր զավակներ: Նորին Սրբությունը հորդորեց նրանց շարունակել իրենց ստեղծագործական ճանապարհը հայոց արվեստի ասպարեզում:

Հանդիսության ընթացքում կատարումներով հանդես եկան «Նոր անուններ» ծրագրի պատանի երաժիշտներ` գեղ. ղեկավարությամբ տիկ. Սիլվա Մեքինյանի: