«Սբ. Սահակ-Սբ. Մեսրոպ» շքանշաններ հանձնվեցին Ջիմ Թորոսյանին եւ Գեղամ Գրիգորյանին
Ապրիլի 22-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» շքանշան հանձնեց մեծանուն ճարտարապետ Ջիմ Թորոսյանին եւ Երեւանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանին` հայ մշակույթին մատուցած իրենց ծառայությունների եւ մեծ վաստակի համար:
Շքանշանների հանձնման հանդիսությունը բացվեց Մայր Աթոռի միաբան գերաշնորհ Տ. Ներսես արք. Պոզապալյանի խոսքով: Սրբազան Հայրը անդրադարձավ մեծարյալների կյանքի ստեղծագործական ուղուն եւ բեղուն վաստակին, ապա շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը հայ արվեստագետների նկատմամբ մշտապես ցուցաբերվող ուշադրության եւ մշակույթի գործիչների գնահատման համար:
Ջիմ Թորոսյանի եւ Գեղամ Գրիգորյանի կյանքի եւ գործունեության մասին իրենց մտորումները ներկայացրեցին պրոֆ. Վարազդատ Հարությունյանը եւ բանաստեղծ Սեյրան Զաքարյանը:
Ապա «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո ներս բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակները եւ ընթերցվեցին գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի եւ գերաշնորհ Տ. Փառեն եպիսկոպոս Ավետիքյանի կողմից:
«Մեծարգո պրն. Թորոսյան, մեծ ու գնահատելի է Ձեր վաստակը մեր ժողովրդի կյանքում: Երկարամյա բեղուն գործունեությունը, որ Բարձրյալի օրհնությամբ արդյունավորված է մնայուն իրագործումներով, արժանապես դասել է Ձեր անունը հայ ճարտարապետության հայտնի անունների կողքին:
...Առանձնակի գոհունակությամբ ենք անդրադառնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին մատուցած Ձեր ծառայություններին, որոնք արտահայտությունն են հոգեւոր մեր սրբօրրանի նկատմամբ Ձեր անկեղծ սիրո ու նվիրումի: Լինելով Մայր Աթոռիս Ճարտարապետական խորհրդի անդամ, Դուք համենայնի աջակցություն եք բերում Մայր Աթոռի կողմից իրականացվող շինարարական ծրագրերին` Ձեր մասնագիտական կարողությունները ի սպաս դնելով պատմական մեր վանքերի վերանորոգմանն ու նոր եկեղեցիների եւ եկեղեցական շենքերի կառուցմանը...»,- ասվում է Հայրապետական կոնդակում:
«Այսօր մեծ գոհունակությամբ ենք անդրադառնում մշակութային Ձեր գործունեությանը եւ տարիների բեղմնավոր վաստակին: Մայր Հայրենիքում եւ նրա սահմաններից հեռու լայնորեն ծանոթ է Ձեր անունը` որպես բազմաթիվ մրցույթների դափնեկիր: ...Այսօր դուք նույն արդյունավետությամբ շարունակում եք Ձեր նշանակալի մշակութային գործունեությունը` որպես գեղարվեստական ղեկավար Երեւանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի` Ձեր կորովն ու եռանդը ներդնելով օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առավել բարգավաճման, ինչպես նաեւ երաժշտական մշակույթի զարգացման շնորհակալ գործում»,- նշված է Գեղամ Գրիգորյանին ուղղված կոնդակում:
Կոնդակների ընթերցումից հետո Նորին Սրբությունը մեծարյալների կուրծքը զարդարեց «Սբ. Սահակ- սբ. Մեսրոպ» շքանշանով: Շքանշանի հանձնումից հետո ներկաներին իրենց սրտի խոսքն ուղղեցին տիարք Թորոսյանն ու Գրիգորյանը: «Անկեղծորեն շատ եմ ոգեւորված, մի քիչ էլ հուզվաց, բայց չեմ կարող իմ խորին շնորհակալությունը չարտահայտել այստեղ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Շատ եւ շատ պարտավորեցնող պարգեւ է: Հայտնի է, որ պարգեւը ստանում են անցածի համար, բայց ստացողը պետք է գիտակցի, որ մեծ պարտավորություն ունի նաեւ ապագայի համար»,-ասաց տիար Թորոսյանը` վստահեցնելով, որ պիտի շարունակի իր ծառայությունը բերել Մայր Եկեղեցուն: «Դժվար է այսօր խոսել, որովհետեւ իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է: Ինձ համար իրոք շատ մեծ անակնկալ էր այս շքանշանը: Իրապես, դա ինձ պարտավորեցնում է եւ ավելի մտածել է տալիս, թե ինչպես աշխատես, որպեսզի արդարացնես այդ շքանշանի պատիվը»,- իր խոսքում նշեց պրն. Գրիգորյանը:
Հանդիսությունը փակվեց Ամենայն Հայոց Հայրապետի խոսքով: Նորին Սրբությունը վերստին բարձրորեն գնահատեց մածարյալների` հայ ժողովրդի եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ արդյունաշատ գործունեության միջոցով ցուցաբերվող նվիրումը, սերն ու հավատարմությունը: