Սբ. Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Սբ. Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 06.01.2011

Հունվարի 6-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տիրոջ եւ Փրկչի` Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության հրաշափառ տոնը, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնախմբվեց մեծ հանդիսավորությամբ:

Հունվարի 5-ի երեկոյան, Միածնաէջ Սուրբ Տաճարում Ճրագալույցի Սբ. Պատարագ մատուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Հավարտ պատարագի կատարվեց նախատոնակ, որից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն արարողությանը ներկա Մայր Աթոռի միաբանությանն ու հազարավոր բարեպաշտ հայորդիներին տվեց Տիրոջ Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության ավետիսը: Մինչեւ ուշ գիշեր հազարավոր հայորդիներ այցելեցին տոնական լույսերով ողողված համայն հայության հոգեւոր կենտրոն եւ Մայր Տաճարի կանթեղներից վառելով մոմերը` Տիրոջ Ս. Ծննդյան ավետաբեր լույսն իրենց օջախները տարան:

Հունվարի 6-ին` Ժամը 10.30-ին, խաչերով ու խաչվառներով զարդարյալ հայրապետական թափորը շարժվեց Վեհարանից եւ զանգերի ավետաբեր ղողանջների ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին ամպհովանիով առաջնորդեց Մայր Տաճար, ուր Հայրապետական Սբ© Պատարագ մատուցեց Վեհափառ Հայրապետը: Սրբազան արարողության ժամանակ Նորին Սրբությանը որպես առընթերականներ սպասավորում էին Մայր Աթոռի հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը եւ Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը:

 

Ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն ուղղեց համայն հայությանը Սբ. Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնի առիթով:

«Քրիստոսի Ծնունդը այսօր եւ ս հրավեր է մեզ, բոլոր մարդկանց ու ժողովուրդներին` մոգերի ու հովիվների նմանությամբ գնալու դեպի Փրկիչը, Մարդասեր ու Բարերար Տերը. «Ովքեր Տիրոջն են փնտրում, նրանցից ոչ մի բարիք չի պակասելու»,- ասում է սաղմոսերգուն (Սաղմ. ԼԳ 11): Տիրոջը փնտրել նշանակում է ընթանալ դեպի Աստված, ընդունել Նրա փրկարար կամքը, հետեւել Նրան: Տիրոջը փնտրել նշանակում է հանդիպել, տեսնել Նրան մարդկանց կերակրելիս« բժշկելիս« մխիթարելիս« հույս, հավատ ու կյանք պարգեւելիս, կեղծիքն ու երեսպաշտությունը սաստելիս« մարդկանց խաղաղության« արդարության« ճշմարտության ուղիով առաջնորդելիս: Այս ճանապարհներին Տիրոջը հանդիպողները զորանալու են, նրանց սրտերը խաղաղ, ուրախ ու երջանիկ են լինելու, նրանք չեն տարակուսելու իրենց հավատքում, եւ նրանց «ոչ մի բարիք չի պակասելու»: Աստված Միածին Իր Որդուն ի սեր մարդկանց առաքեց աշխարհ, որով եւ մարդկանց մեծագույն օրինակը մատուցեց միմյանց հանդեպ սիրո, խնամքի եւ հոգածության, ունեցած բարիքներին միմյանց մասնակից դարձնելու եւ երկնային շնորհները հուսալու: Ճշմարիտ, աստվածօրհնյալ այս կյանքով են ապրել արդարները, մարգարեներն ու առաքյալները, հավատքի համար նահատակները, երանելիներն ու բարեպաշտները եւ որպես փարոս` դարերի մեջ լուսավորել դեպի Աստված մարդկության ուղին», - անդրադառնալով տոնի խորհրդին` ասաց Նորին Սրբությունը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամում անդրադարձավ նաեւ հասարակության կյանքում հոգեւոր-բարոյական արժեքների կարեւորությանը, որի օգնությամբ միայն կարելի է հասնել կյանքի առաջընթացի. «Արդի դարը, որ բնորոշվում է ավելի նյութապաշտությամբ ու աշխարհիկությամբ, առավել կարիքն ունի հոգեւոր ներուժի, աներկմիտ հավատքի, դարձի` դեպի Քրիստոսապատվեր հոգեւոր-բարոյական արժեքները, որոնցով իմաստավորվում է կյանքը եւ հաստատվում իր նպատակի` դեպի Աստված ընթացքի մեջ: Հարատեւ ու մնայուն են հոգեւոր արժեքները, որոնք լուսավորել ու զորացրել են ժողովուրդների կյանքը, ծաղկեցրել մշակույթները, բարեփոխել հասարակությունները: Այսօր էլ առանց հոգեւորի, առանց Աստծո` ձախողման են դատապարտված սոցիալ-տնտեսական բարեփոխումները, գիտատեխնիկական զարգացումներն ու ձեռքբերումները եւ մարդկային բոլոր ջանքերը` ուղղված կյանքի առաջընթացին: Արդարեւ, խաղաղություն, բարգավաճում, բարօրություն եւ ամեն բարիք մարդկությունը ի զորու պիտի լինի գտնել հոգեւոր-բարոյական նորոգությամբ»,- ասաց Հայոց Հովվապետը:

 Վեհափառ Հայրապետը նաեւ հորդորեց համայն հայ ժողովրդին Հայրենիքում եւ ազգային կյանքում առկա խնդիրները վճռել «մեր հավատքից բխող շնորհներով` միմյանց հանդեպ սիրո, արդարամտության, նվիրումի ու նախանձախնդրության, հայրենասիրության ու ազգասիրության ոգու զորությամբ» եւ չերկնչել դժվարություններից ու նեղություններից: «Տերը մեզ համար շատ տխրություններ է ուրախության փոխել, շատ հաղթանակներ մեզ պարգեւել, որոնցով այսօր քաջալեր են մեր հոգիները: Երկյուղենք մեր պարտքի ու պատասխանատվության մեջ թերանալուց, կեղծիքից ու անարդարությունից, նույնքան նաեւ` անտարբերությունից: Յուրաքանչյուրս` պաշտոնյան իր դիրքում, զինվորականն իր ծառայության, հոգեւորականն իր սպասավորության մեջ, հողագործն ու արտադրողը` իրենց աշխատանքում, ուսուցիչը, գիտնականը, բժիշկն ու արվեստագետը` իրենց կոչման մեջ, լինենք առավել ջանադիր, պատրաստ առավել նվիրումի ու հանձնառության, որպեսզի բարի արգասիքներ ամբարենք եւ Տիրոջ շնորհը առատացնենք մեր կյանքում: Ազգային եւ հոգեւոր զորացյալ կյանքով, ամուր միասնությամբ է, որ պիտի շենացնենք մեր Հայրենիքը, բարօր դարձնենք մեր ժողովրդի կյանքը, պաշտպանենք արդար մեր իրավունքները, աներեր պահենք մեր երկրի կայունությունը, աներեր` գալիքի հանդեպ լավատեսությունը, որ մեր ժողովրդի զավակները չհեռանան Հայրենիքից, այլ` վերադառնան, որ Հայրենիքում եւ Սփյուռքում բազմանան հայ ընտանիքները եւ զավակները` հայոց ընտանիքներում»,- ասաց Ամենայն Հայոց Հայրապետը:

 Դժվարությունները թող արգելք չդառնան, որ հայրենի գյուղերն ու շեները բազմամարդ դառնան եւ ընտանեկան հարկերում մանուկների ճիչն ու խինդն ավելանան: Ամեն մանկան հետ նոր հույս է ծնվում, նոր հեռանկար` մեր ազգի առաջընթացի ու բարգավաճման: Նրանց ձեռքերում է մեր ժողովրդի գալիքը: Նրանք պիտի շարունակեն վերածնված մեր Հայրենիքի ազատ կյանքը, ազգերի մեջ` մեր ժողովրդի ուղին` խաղաղ ու երջանիկ, առ Աստված հույսով լեցուն աշխարհի աննվազ հավատով: Հոգանք, սիրելի ժողովուրդ հայոց, որ մեր զավակները աճեն ու զորանան Աստծո Խոսքով եւ չվտանգվեն` ընկնելով մեր ժողովրդին խորթ եւ օտար, հոգեսպան գաղափարախոսությունների թակարդը: Հաստատենք նրանց առ Քրիստոս հավատքի ու հույսի մեջ, եւ Տիրոջ խոստումով` «կենդանի ջրերի գետեր պիտի բխեն» նրանց հոգիներում (Յովհ. Է 38)...»,- նշեց Նորին Սրբությունը:

Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնի առիթով Ամենայն Հայոց Հայրապետն իր ողջույնները հղեց նաեւ Հայ Եկեղեցու նվիրապետական Աթոռների գահակալներին, Եկեղեցու ուխտապահ հոգեւոր դասին եւ ի սփյուռս աշխարհի համայն հայ ժողովրդին: Նորին Սրբությունը Հայրապետական իր ողջույնները ուղղեց նաեւ Պատարագի սրբազան արարողությանը ներկա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, հայոց պետական ավագանուն, ինչպես նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին:

Իր պատգամի ավարտին Հայոց Հայրապետը հորդորեց ամենքին` ինչպես մոգերն ու հովիվները, Տիրոջն ընդառաջ ելնել, Բեթղեհեմյան մսուր դարձնել հոգիները` ընդունելու Մանուկ Հիսուսին, եւ մաղթեց, որ հայոց կյանքից երբեք չպակասի Աստծո ներկայությունը սրտով զգալու եւ հոգով ճանաչելու զորությունը:

Սբ© Պատարագից հետո Վեհափառ Հայրապետը կատարեց Ջրօրհնեքի արարողությունը` ի հիշատակ Քրիստոսի Սուրբ Մկրտության: Հատուկ աղոթքներով ու շարականների երգեցողությամբ ջուրն օրհնվեց Ավետարանով, ս. Խաչով ու սրբագործվեց սրբալույս Մյուռոնով: Օրհնված ջուրը վերջում բաժանվեց ժողովրդին:

Այս տարի Մայր Տաճարում ջրօրհնեքի Խաչի կնքահայրն էր Հայաստանի շինարարների միության նախագահ, «Հորիզոն 95» ՍՊԸ տնօրեն Գագիկ Գալստյանը:

Սբ© Պատարագի արարողությանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, պետական այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամներ« Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, գիտության եւ մշակույթի մշակներ:

Տոնական Սբ. Պատարագից հետո Ալեք եւ Մարի Մանուկյան Գանձատան սրահում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն: