Սբ. Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում

«Մեր մկրտությամբ մեկ ենք` որտեղ էլ լինենք, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու, նույն ազգի, մեր Հայրենիքի զավակներն ենք: Ապրենք եւ գործենք միության այս զգացումով ու միմյանց հանդեպ սիրով...». Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս

Հունվարի 6-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տիրոջ եւ Փրկչի` Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության հրաշափառ տոնը, որը մեծ շուքով տոնախմբվեց ամենայն հայոց հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

Դեռ հունվարի 5-ին, հավարտ երեկոյան ժամերգության, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ մասնակցությամբ Մայր Աթոռի միաբանության ու բյուրավոր բարեպաշտ հայորդիների, Միածնաէջ Սուրբ Տաճարում մատուցվեց Ճրագալույցի Սբ. Պատարագ: Պատարագիչն էր Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգեւոր տեսուչ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը: Պատարագից հետո կատարվեց նախատոնակ, որից հետո տրվեց ավետիսը Տիրոջ Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության, ապա Իջման Սուրբ Սեղանի կանթեղից բարեպաշտ ժողովրդին բաժանվեց Սուրբ Ծննդյան կենարար լույսը:

Հունվարի 6-ին Մայր Տաճարում Հայրապետական Սբ© Պատարագ մատուցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` որպես առընթերականներ ունենալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական եւ հրատարակչական բաժիննների պատասխանատու Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանին եւ Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին:

Միաբաններից կազմված հանդիսավոր հայրապետական թափորը Վեհարանից ամպհովանիի ներքո Ամենայն Հայոց Հայրապետին եւ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին առաջնորդեց դեպի Մայր Տաճար: Հայրապետական ամպհովանակիրներն էին ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը, Ռազմիկ Դավոյանը, Լեւոն Մալխասյանը եւ «Հորիզոն 95» ՍՊԸ տնօրեն Գագիկ Գալստյանը:

Սբ. Պատարագի ընթացքին Նորին Սրբությունը Հայրապետական իր պատգամն ուղղեց համայն հայությանը: Անդրադառնալով Սբ. Ծննդյան խորհրդին` Վեհափառ Հայրապետը նշեց. «Սերն Աստծո` մարմին առավ, որպեսզի ազատի մեզ մեղքի ու մահվան իշխանությունից եւ արժանացնի երանությանը հավիտենական կյանքի: «Սրանում է սերը, մենք չէ, որ սիրեցինք Աստծուն, այլ Նա սիրեց մեզ եւ ուղարկեց Իր որդուն, մեր մեղքերի քավության համար» (Ա Հովհ. Դ 10): Մեր պաշտելի Աստված չի ցանկանում մեր մահը կամ դատապարտությունը, դրա համար իսկ եկավ մեր մեջ բնակվելու, եկավ վերափոխելու մեր կյանքը, պարգեւելու հույսը փրկության, կյանքը հավիտենական:

Արդարեւ, մեր փառաբանական երգերը եւ գոհաբանական մաղթանքները արժեք չունեն, եթե մեր հոգու խորքում չկա այն անսասան հավատը, որ Աստված «մեզ համար մարմնացավ»: Մեր աղոթքները լսելի չեն լինի, եթե մեր էության խորքում չի բնակվում Աստված:

Սուրբ Ծնունդը, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Աստծո եւ մարդկության հաշտության սկիզբն է, հավիտենական կյանքը ժառանգելու հրավերը, Քրիստոսով փրկության շնորհի մեջ մնալու պատգամն է մեզ: Աստված Իրեն հայտնեց մեզ Իր լիության մեջ, որպեսզի աստվածային եւ մարդկային կատարելության այդ լիությունից անմասն չմնանք, որպեսզի կատարելության այդ լիությունից հագենա փրկություն հուսացող մեր կյանքը: Հավատում ենք, որ Աստված մեկ է: Միությունը մեզ անհրաժեշտ չէ°: Քարոզում ենք, որ Աստված սեր է: Սիրո կարիքը չե°նք զգում, կարո°ղ ենք առանց սիրո ապրել, ստեղծագործել: Աստված, Ում միշտ աղոթում ենք, սուրբ է, ճշմարիտ ու բարերար: Քննենք մեր սրտերը, սրբության կարիքը չե°նք զգում, քննենք մեր գործերը` ճշմարիտ, բարի եւ բարերա°ր են միշտ: Դավանում ենք, որ Աստված արդար է: Մենք արդարության կարիքը չե°նք զգում ամեն օր եւ ամեն ժամ: Խոստովանում ենք, որ Աստված մեր Հայրն է, գթասիրտ, խաղաղության մշտահոս աղբյուր, պարգեւատու բարիքների: Խաղաղությունը ամենօրյա մեր հայցը եւ մաղթանքը չէ°, կարոտ չէ° աշխարհը հանապազ գթասրտության ու խնամքի: Ով այս կերպ է ճանաչում Աստծուն, նա չի կարող ապրել առանց Նրա եւ իր փրկության հույսը չկապել Աստվածորդու մարդեղության հավատքին եւ չձգտել լինել Նրա մշտական օրհնության եւ շնորհների ներքո»:

Հայոց Հայրապետը Սբ. Ծննդյան իր պատգամում նաեւ ընդգծեց բեթղեհեմյան լույսի եւ հոգեւոր արժեքների առկայության կարեւորությունն յուրաքանչյուրի կյանքում: «Միայն նյութական առաջընթացը չի ապահովելու ճգնաժամային իրավիճակներից խուսափումը, կանխումը գժտությունների ու բախումների, վերացումը աղետների ու աղքատության: Հոգեւորի անտեսումը, աշխարհայնացման ընթացքները միանշանակորեն խաթարում են նվիրագործված ավանդույթները, աղճատում բարոյական պատկերացումներն ու հասկացությունները, նաեւ մարդու ներաշխարհը` պատճառ դառնալով Աստծուց, իր անձից ու աշխարհից մարդու օտարացման եւ անտարբերության: Աստված է սնուցում մարդկային հոգին: Աստվածասեր հոգով եւ հավատքի ուժով պիտի նորոգվի մարդկային կյանքը, որպեսզի չվերանան սահմանները մարդասիրության եւ եսասիրության, չխառնվեն արդարն ու անարդարը, ճշմարիտն ու կեղծիքը եւ չշփոթվեն բարին ու չարը: Շատ խնդիրներ պիտի վճռվեն, շատ կնճիռներ պիտի հարթվեն ու վերքեր ամոքվեն գիտակցական այն արժեւորմամբ եւ հավատքով, որ Աստվածորդին մեզ համար մարմնացավ: Կատարյալ սիրո այս օրինակը լույս է, առաջնորդություն կյանքի եւ սիրով գործելու պատվեր»:

Նորին Սրբությունն անդրադարձավ նաեւ Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնին Քրիստոսի Սուրբ Մկրտության հիշատակմանը եւ ջրօրհնեքի արարողությանը` պատգամելով. «Մեր մկրտությամբ որդեգիր ենք Աստծո: Մեր մկրտությամբ մեկ ենք` որտեղ էլ լինենք, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու, նույն ազգի, մեր Հայրենիքի զավակներն ենք: Ապրենք եւ գործենք միության այս զգացումով ու միմյանց հանդեպ սիրով, որպեսզի ի զորու լինենք հաղթահարելու մեր առջեւ ծառացող դժվարությունները, ընթանալու դեպի մեր հույսերի ու նպատակների իրագործում եւ իբրեւ հնագույն քրիստոնյա ազգ, իբրեւ Աստծո ժողովուրդ, աստվածահաճո մեր կյանքով մասնակցություն բերենք խաղաղ ու բարօր, մարդկանց համերաշխությամբ եւ ուրախությամբ լեցուն աշխարհի կառուցմանը: Այսօր մեր Տերն ու Փրկիչը գալիս է մեր սրտերում բնակվելու, իր շնորհներով մեզ նորոգելու: Ընդունենք Տիրոջը մեր հոգիներում, զորանանք հավատքով, հավատարիմ մնանք հոգեւոր մեր ժառանգությանը եւ քրիստոնեական արժեքներին: Մեր Տիրոջն ու Փրկչին ապավինած, Նրա պարգեւած անսասան հույսով ու զորությամբ բարօր դարձնենք մեր կյանքը ամենուր, շարունակենք շենացնել հայրենի մեր երկիրը, հոգանք ու ջանանք Արցախի մեր ժողովրդի եւ ազգային մեր բոլոր իղձերի մարմնավորման համար: Եվ թող մեր կյանքում մշտապես պայծառ շողա միմյանց հանդեպ սիրով լեցուն բարերար հոգին եւ բարեբեր գործը, որով պիտի վկայենք, որ սիրում ենք Աստծուն»:

Նորին Սրբությունը նաեւ ցավով անդրադարձավ այս օրերին Մերձավոր Արեւելքում` հատկապես Գազայում ընթացող ռազմական գործողություններին եւ հրավիրեց ամենքին աղոթելու եւ հայցելու Փրկչին` վերահաստատելու խաղաղությունը Մերձավոր Արեւելքի երկրներում եւ համայն աշխարհում` զորացնելով եղբայրսիրության ոգին մարդկանց մեջ:

Հրաշափառ տոնի առիթով Հայոց Հայրապետն իր ողջույնները հղեց համայն հայ ժողովրդին ի Հայաստան, յԱրցախ եւ ի Սփյուռս, Հայ Եկեղեցու նվիրապետական աթոռների գահակալներին` Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսին« Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ© Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանին« Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Տ© Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին եւ Եկեղեցու ուխտապահ հոգեւոր դասին: Նորին Սրբությունը Հայրապետական իր օրհնությունն ու ողջույնները ուղղեց նաեւ Պատարագի սրբազան արարողությանը ներկա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ինչպես նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, հայոց պետական ավագանուն, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին:

Սբ© Պատարագի ավարտին Վեհափառ Հայրապետը կատարեց Ջրօրհնեքի արարողությունը` ի հիշատակ Քրիստոսի Սուրբ Մկրտության: Այս տարի Մայր Տաճարում ջրօրհնեքի Խաչի կնքահայրն էր Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, գրոսմայստեր տիար Սմբատ Լպուտյանը:

Վերջում տոնի առիթով Վեհարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն:

* * * 

Ն. Ս. Օ. Տ© Տ© ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ
ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
(Սուրբ Էջմիածին, հունվարի 6, 2009 թ.)

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: 

«Ծնաւ նոր արքայ ի Բեթղեհէմ քաղաքի
Որդիք մարդկան օրհնեցէք,
Զի վասն մեր մարմնացաւ»
(Շարակնոց):

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ հայոց ի Հայաստան, յԱրցախ եւ ի սփյուռս աշխարհի:

Օրհներգությամբ եւ գոհաբանական աղոթքներով այսօր տոնում ենք մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնը` ավետելով Աստծո մարդեղության եւ Փրկչի հայտնության բարի լուրը:

Մեր Եկեղեցու աղոթասեր հայրերը Սուրբ Ծնունդը կոչել են «խորհուրդ մեծ եւ սքանչելի»: Այդպես են անվանել, քանզի անհնար է բացատրել, թե ինչպե°ս անբավելին` հավիտենականն ու անսահմանը խանձարուրի մեջ պարուրվեց, ինչպե°ս Աստծո Խոսքն ու Իմաստությունը ծնվեց ոչ բանական կենդանիների մսուրում: Մարդկային մտքին անհասանելի է մնում, թե ինչպե°ս Աստծո Միածին Որդին, Արարչի Փառքի Լույսը արարած եղավ, Տերը ծառայի կերպարանք ստացավ:

Աստծո այս մեծ հրաշքի ինչպես լինելը չգիտենք եւ չենք կարողանում բացատրել, սակայն գիտենք այդ հրաշքի պատճառը. «Զի վասն մեր մարմնացաւ». «Որովհետեւ մեզ համար մարմնացավ»: Իրավամբ, այս մի քանի բառերը բացատրում են Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության Բարձրյալի նախախնամական տնօրինությունը:

Աստված Տերն է եւ Արարիչը «երկնի եւ երկրի, երեւելեաց եւ աներեւութից»: Նրա փառքն են պատմում Իր նյութեղեն եւ հոգեղեն ստեղծագործությունները` տիեզերքը, մարդիկ եւ հրեշտակները: Աստված համայնի` կարիքը չունի ոչ մարմնի, ոչ ժամանակի: Աստծո հավիտենական գահին բազմած Փրկչին պետք չէր երկնքի բարձունքներից իջնել մեղսակորույս աշխարհ: Խաղաղության Իշխանին պետք չէին հալածանք, չարչարանք, խաչելություն, պետք չէին փշե պսակը, մահը կամ հարությունը: Բայց այս բոլորը Փրկիչը հանձն առավ մեզ համար: Սերն Աստծո` մարմին առավ, որպեսզի ազատի մեզ մեղքի ու մահվան իշխանությունից եւ արժանացնի երանությանը հավիտենական կյանքի: «Սրանում է սերը, մենք չէ, որ սիրեցինք Աստծուն, այլ Նա սիրեց մեզ եւ ուղարկեց Իր որդուն, մեր մեղքերի քավության համար» (Ա Հովհ. Դ 10): Մեր պաշտելի Աստված չի ցանկանում մեր մահը կամ դատապարտությունը, դրա համար իսկ եկավ մեր մեջ բնակվելու, եկավ վերափոխելու մեր կյանքը, պարգեւելու հույսը փրկության, կյանքը հավիտենական:

Արդարեւ, մեր փառաբանական երգերը եւ գոհաբանական մաղթանքները արժեք չունեն, եթե մեր հոգու խորքում չկա այն անսասան հավատը, որ Աստված «մեզ համար մարմնացավ»: Մեր աղոթքները լսելի չեն լինի, եթե մեր էության խորքում չի բնակվում Աստված:

Սուրբ Ծնունդը, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Աստծո եւ մարդկության հաշտության սկիզբն է, հավիտենական կյանքը ժառանգելու հրավերը, Քրիստոսով փրկության շնորհի մեջ մնալու պատգամն է մեզ: Աստված Իրեն հայտնեց մեզ Իր լիության մեջ, որպեսզի աստվածային եւ մարդկային կատարելության այդ լիությունից անմասն չմնանք, որպեսզի կատարելության այդ լիությունից հագենա փրկություն հուսացող մեր կյանքը: Հավատում ենք, որ Աստված մեկ է: Միությունը մեզ անհրաժեշտ չէ°: Քարոզում ենք, որ Աստված սեր է: Սիրո կարիքը չե°նք զգում, կարո°ղ ենք առանց սիրո ապրել, ստեղծագործել: Աստված, Ում միշտ աղոթում ենք, սուրբ է, ճշմարիտ ու բարերար: Քննենք մեր սրտերը, սրբության կարիքը չե°նք զգում, քննենք մեր գործերը` ճշմարիտ, բարի եւ բարերա°ր են միշտ: Դավանում ենք, որ Աստված արդար է: Մենք արդարության կարիքը չե°նք զգում ամեն օր եւ ամեն ժամ: Խոստովանում ենք, որ Աստված մեր Հայրն է, գթասիրտ, խաղաղության մշտահոս աղբյուր, պարգեւատու բարիքների: Խաղաղությունը ամենօրյա մեր հայցը եւ մաղթանքը չէ°, կարոտ չէ° աշխարհը հանապազ գթասրտության ու խնամքի: Ով այս կերպ է ճանաչում Աստծուն, նա չի կարող ապրել առանց Նրա եւ իր փրկության հույսը չկապել Աստվածորդու մարդեղության հավատքին եւ չձգտել լինել Նրա մշտական օրհնության եւ շնորհների ներքո:

Ուղեկորույս է աշխարհը առանց բեթղեհեմյան աստղալույսի: Առանց Քրիստոսի աշխարհը միշտ լինելու է անհանդարտ, հոգսաշատ եւ բարոյազուրկ: Միայն նյութական առաջընթացը չի ապահովելու ճգնաժամային իրավիճակներից խուսափումը, կանխումը գժտությունների ու բախումների, վերացումը աղետների ու աղքատության: Հոգեւորի անտեսումը, աշխարհայնացման ընթացքները միանշանակորեն խաթարում են նվիրագործված ավանդույթները, աղճատում բարոյական պատկերացումներն ու հասկացությունները, նաեւ մարդու ներաշխարհը` պատճառ դառնալով Աստծուց, իր անձից ու աշխարհից մարդու օտարացման եւ անտարբերության: Աստված է սնուցում մարդկային հոգին: Աստվածասեր հոգով եւ հավատքի ուժով պիտի նորոգվի մարդկային կյանքը, որպեսզի չվերանան սահմանները մարդասիրության եւ եսասիրության, չխառնվեն արդարն ու անարդարը, ճշմարիտն ու կեղծիքը, եւ չշփոթվեն բարին ու չարը: Շատ խնդիրներ պիտի վճռվեն, շատ կնճիռներ պիտի հարթվեն ու վերքեր ամոքվեն գիտակցական այն արժեւորմամբ եւ հավատքով, որ Աստվածորդին մեզ համար մարմնացավ: Կատարյալ սիրո այս օրինակը լույս է, առաջնորդություն կյանքի եւ սիրով գործելու պատվեր: «Հագեք, ուրեմն, գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն` հանդուրժելով միմյանց, ներելով միմյանց, եթե մեկը մյուսի դեմ գանգատ ունի. ինչպես Աստված Քրիստոսով ներեց ձեզ, նույն ձեւով արեք եւ դուք: Եվ այս բոլորի վրա հագեք սերը, որ կապն է կատարելության» (Կող. Գ 12-14):

Սիրելի հավատավոր ժողովուրդ հայոց, Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության «մեծ եւ սքանչելի» տոնին մեր Եկեղեցին Քրիստոսի սուրբ մկրտության հիշատակումով կատարում է նաեւ ջրօրհնեքի արարողությունը, որպեսզի Աստվածահայտնության շնորհներով օրհնված ջուրը բաշխվի մեր ընտանիքներում` Աստծո սերը եւ օրհնությունը առատացնելով մեր կյանքում: Մեր մկրտությամբ որդեգիր ենք Աստծո: Մեր մկրտությամբ մեկ ենք` որտեղ էլ լինենք, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու, նույն ազգի, մեր Հայրենիքի զավակներն ենք: Ապրենք եւ գործենք միության այս զգացումով ու միմյանց հանդեպ սիրով, որպեսզի ի զորու լինենք հաղթահարելու մեր առջեւ ծառացող դժվարությունները, ընթանալու դեպի մեր հույսերի ու նպատակների իրագործում եւ իբրեւ հնագույն քրիստոնյա ազգ, իբրեւ Աստծո ժողովուրդ, աստվածահաճո մեր կյանքով մասնակցություն բերենք խաղաղ ու բարօր, մարդկանց համերաշխությամբ եւ ուրախությամբ լեցուն աշխարհի կառուցմանը: Այսօր մեր Տերն ու Փրկիչը գալիս է մեր սրտերում բնակվելու, իր շնորհներով մեզ նորոգելու: Ընդունենք Տիրոջը մեր հոգիներում, զորանանք հավատքով, հավատարիմ մնանք հոգեւոր մեր ժառանգությանը եւ քրիստոնեական արժեքներին: Մեր Տիրոջն ու Փրկչին ապավինած, Նրա պարգեւած անսասան հույսով ու զորությամբ բարօր դարձնենք մեր կյանքը ամենուր, շարունակենք շենացնել հայրենի մեր երկիրը, հոգանք ու ջանանք Արցախի մեր ժողովրդի եւ ազգային մեր բոլոր իղձերի մարմնավորման համար: Եվ թող մեր կյանքում մշտապես պայծառ շողա միմյանց հանդեպ սիրով լեցուն բարերար հոգին եւ բարեբեր գործը, որով պիտի վկայենք, որ սիրում ենք Աստծուն:

Այս զգացումներով, բերկրալից աղոթքով եւ Հայրապետական ջերմ սիրով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից` մեր հավատքի օրրանից ողջունում ենք մեր ժողովրդի բոլոր զավակներին, որք ի Հայաստան, յԱրցախ եւ ի Սփյուռս:

Ի Քրիստոս եղբայրական սիրո Մեր ողջույնն ենք հղում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալներին` Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյանին եւ մեր եկեղեցու ուխտապահ հոգեւոր դասին:

Հայրապետական Մեր օրհնությունն ու ողջույնն ենք բերում Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Սերժ Սարգսյանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանին, հայոց պետական ավագանուն եւ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին:

Սուրբ Ծննդյան շնորհանորոգ այս օրը աղոթքով առ Աստված գոհություն հայտնենք մեզ պարգեւած բարիքների եւ մխիթարությունների համար, մեր եկեղեցական եւ ազգային կյանքում հաջողությունների ու ձեռքբերումների համար եւ հայցենք, որ Իր անբավ սիրով հոգա մեր մասին, ինչպես կամքն է Իր եւ արժանացնի հաստատուն մնալու Իր ճանապարհին, զորացնի մեզ, պայծառացնի եւ օրըստօրե փայլեցնի մեր մեջ փրկության Իր շնորհը` այսօր եւ հավիտյանս:

«Որդիք մարդկան օրհնեցեք, զի վասն մեր մարմնացավ»:

Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ
Ձեզ եւ մեզ մեծ աւետիս: