ՍԱՐԿԱՎԱԳԱԿԱՆ ՁԵՌՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 28-ին Սիսիանի Ս. Հովհաննես եկեղեցում, հանդիսապետությամբ Սյունյաց թեմի առաջնորդ Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի, Սուրբ Պատարագ մատուցեց Սիսիանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանը: Հընթացս Սուրբ Պատարագի ձեռամբ Հանդիսապետ Սրբազան Հոր սարկավագական ձեռնադրություն ստացավ Սիսիան քաղաքի բնակիչ եւ Սիսիանի Սուրբ Հովհաննես եկեղեցու դպիր` Հովնան Վարդանյանը:

Հովնան դպիր Վարդանյանն ուսանել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում, այնուհետեւ վերադառնալով հայրենիք անցել բանակային ծառայության, որից հետո ուսումը շարունակել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանայից լսարանում:

Սարկավագական ձեռնադրության ընթացքում խարտավիլակ, Սյունյաց թեմի Սյունիքի փոխառաջնորդ Հոգեշնորհ Տ. Աբգար վրդ. Հովակիմյանը վկայեց նորոձեռնադրյալ սարկավագի հոգեւոր-իմացական պատրաստվածության եւ արժանիքների մասին: Ձեռնադրության ընթացքում ընծայացուն բարձրացրեց իր ձեռքերը` դառնալով դեպի հավատացյալ ժողովուրդը` ի նշան աշխարհիկ կյանքից հրաժարման:

Առաջնորդ Սրբազան Հայրը հավարտ ձեռնադրության իր հայրական օրհնությունն ու հորդորը տվեց նորընծա սարկավագին: Սրբազան Հայրն իր խոսքի մեջ նշեց.«…Շուրջ 200 տարի է, ինչ Սիսիանի Սուրբ Հովհաննես եկեղեցում ձեռնադրություն չի կատարվել, ուստի մեծ խորհուրդ ունի այսօրինակ ձեռնադրությունը. իր քաղաքում, իր եկեղեցում եւ իր ժողովրդին ծառայելու համար մեր` հոգեւորականներիս շարքերն համալրելու կոչվեց մի սարկավագ եւս »: Սրբազան Հայրն ուրախությամբ նշեց, որ շատ սյունեցիներ ուսանում են հոգեւոր կրթօջախներում ու շատերն էլ արդեն ստանձնել են հոգեւոր ծառայություն ինչպես արտասահմանյան թեմերում, այնպես էլ Սյունյաց թեմում: Աբրահամ Սրբազանն իր խոսքն ավարտեց հետեւյալ տողերով.«Մենք հուսով ենք, որ մեր նոր ձեռնադրված սարկավագը կլինի իր հարազատ ժողովրդի ոչ միայն արժանի զավակն ու հոգեւոր սպասավորը, այլեւ ուսուցիչն ու լավագույն խորհրդատուն»: