ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ 300-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԳՐԵՐԻ, ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎՈԳՐԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ 300-ԱՄՅԱԿԻ  ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ  ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ  ՕՐՀՆՈՒԹՅԱՆ  ԳՐԵՐԻ, ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՆԵՐԻ  ԵՎ ՊԱՏՎՈԳՐԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ 23.06.2010

Հունիսի 19-ին, Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաքում, շարունակվեցին Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի 300-ամյա հոբելյանի առիթով կազմակերպված միջոցառումները: Այս անգամ համայնքի ներկայացուցիչները մեկտեղվել էին Սբ. Կատարինե եկեղեցուն կից առաջնորդարանի հանդիսությունների դահլիճում՝ առաջնորդական օրհնության գրերի, պարգևաբաշխության և պատվոգրերի հանձնման արարողությանը մասնակցելու համար:

Հանդիսությունը սկսվեց Ռուսահայոց թեմի բարեխնամ առաջնորդ Տ. Եզրաս եպս. Ներսիսյանի աղոթքով և օրհնության խոսքով:

Առաջնորդ Սրբազան Հայրը օրհնության և գնահատանքի գրեր էր հղել Սբ. Կատարինե եկեղեցուն կից առաջնորդարանի երկրորդ հարկի՝ մշակութային կենտրոնի սրահի, վերանորոգման աշխատանքներում առատաձեռն բարեգործությամբ մասնակցություն ցուցաբերած հայորդիներին՝ Կարեն Մկրտչյանին, Յուրի Սարգսյանին, Գագիկ Զախարյանին, Էդուարդ Գասպարյանին, Արմեն Մկրտչյանին, Իգոր Ջավադովին, Ալեքսանդր Քոչարովին, Սամվել Մովսիսյանին, Միքայել Ֆիլիկյանին, Յուրի Բաբայանին և Նորայր Պողոսյանին:

Սրբազան Հայրն իր խոսքում ասաց. «Ձեր Աստվածահաճո գործերը վկայությունն են հանդիսանում Ձեր անկեղծ հավատքի, հայ ժողովրդի հոգևոր արժեքների և սրբությունների նկատմամբ անմնացորդ նվիրումի»:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայ ինքնության պահպանման գործում նշանակալից ավանդի, հասարակական բազմամյա ակտիվ գործունեության, Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման, հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդմանը ցուցաբերած օժանդակության համար համայնքի ակնառու ներկայացուցիչներին հանձնեց մեդալներ և պատվոգրեր:

Այսպես՝ «ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալ»-ներով պարգևատրվեցին Հայ Առաքելական Եկեղեցու Հոգաբարձուների խորհրդի նախագահ Վյաչեսլավ Լազարյանը և Եկեղեցու Հոգաբարձուների խորհրդի անդամ Յուրի Սարգսյանը, «Արշիլ Գորկի» մեդալով պարգևատրվեց ՌԴ վաստակավոր նկարիչ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության վետերանների խորհրդի նախագահ Զաքար Խաչատրյանը« «Վիլյամ Սարոյան» մեդալով պարգևատրվեց Սանկտ Պետերբուրգի Հայ Առաքելական Եկեղեցու «Հավատամք» թերթի գլխավոր խմբագիր, ՀՀ գրողների, ՀՀ լրագրողների և ՌԴ նկարիչների միությունների անդամ Արմեն Մերուժանյանը:

Ինչպես նաև ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրեր հանձնվեցին համայնքի թվով 21 ներկայացուցիչների:

ՀՀ սփյուռքի նախարարը, կարևորելով և գնահատելով համայնքի պատմական դերակատարությունը, ի մասնավորի իր խոսքում ասաց. «Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը այն կամուրջն է եղել, որ 300 տարի շարունակ կամրջում է հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը»:

Ռուսաստանի Հայերի միության անունից շնորհավորական խոսք ասաց Ռուսաստանի Հայերի միության փոխնախագահ, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի հոգաբարձուների խորհրդի փոխատենապետ Գեորգի Տեր-Ղազարյանցը: Նա միության անունից հուշամեդալներ հանձնեց Սանկտ Պետերբուրգի և Հյուսիս-արևմտյան տարածաշրջանի հայ համայնքի հոգևոր հովիվ Տ. Նշան աբեղա Պետրոսյանին, Սանկտ Պետերբուրգի Հայ ազգային մշակութային ինքնավարության խորհրդի նախագահ Կարեն Մկրտչյանին և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին:

Սանկտ Պետերբուրգի ՀԱԵ լրատվական կենտրոն