«Ս. ՍահակեւՍ. Մեսրոպ» շքանշան Էմիլ Գաբրիելյանին
Մայիսի 31եւին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայ Եկեղեցու «Ս. Սահակ եւ Ս. Մեսրոպ» պատվո բարձր շքանշան շնորհեց ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանին:
Հանդիսությունը բացվեց Տ. Ասողիկ քահանա Կարապետյանի ողջույնի խոսքով: Ապա ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանն անդրադարձավ մեծարյալի կյանքի ուղուն և գործունեությանը` ընգծելով նրա մեծ ներդրումն առողջապահության և բժշկագիտության ոլորտում:
Այնուհետև «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո ներս բերվեց Հայրապետական սրբատառ կոնդակը, որն ընթերցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը:
Հայրապետական կոնդակում ի մասնավորի ասվում է. «Երկար տարիներ Դուք ծառայեցիք Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում` որպես դասախոս, ապա ռեկտոր` հոգու ողջ նվիրումով Ձեր կարելին ի սպաս դնելով բժիշկների նոր սերնդի պատրաստության շնորհակալ առաքելությանը: Ձեր գործունեությունը արդյունաշատ եղավ նաև Հայաստանի Առողջապահության Նախարարի և ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Բնական գիտությունների բաժանմունքի քարտուղարի պաշտոններում, ուր տասնամյակների նախանձախնդիր ծառայությամբ դրսևորեցիք Ձեր սերը առ Հայրենիքն ու ժողովուրդը և անկեղծ նվիրումը` հանդեպ առողջապահությունն ու գիտությունը: Ուրախ ենք, որ Ձեր գործունեությունը նույն արգասավորությամբ շարունակում եք այսօր` որպես Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն` բարի ավանդ բերելով մեր երկրում առողջապահության բնագավառի զարգացմանը:
Մեծարգո պրն. Գաբրիելյան, Հայրենիքում և մեր երկրի սահմաններից դուրս Դուք ճանաչված եք նաև Ձեր գիտական հարուստ վաստակով: ...Անհոգնաբեկ ու նվիրյալ աշխատանքով արձանագրած Ձեր հաջողությունները ճանաչում են բերում մեր երկրին ու ժողովրդին: Մենք քաջածանոթ ենք նաև Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ Ձեր անկեղծ սիրուն ու նվիրումին»:
Ապա Նորին Սրբությունը մեծարյալի կուրծքը զարդարեց Հայ Եկեղեցու բարձրագույն` «Ս. ՍահակեւՍ. Մեսրոպ» շքանշանով:
Շքանշանների հանձնումից հետո երախտագիտության խոսք ասաց ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը: Նա իր խորին շնորհակալությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին` նման բարձր պատվի արժանացնելու համար և ընդգծեց, որ սա իր ստացած պարգևներից մեծագույնն է, ինչը պարտավորեցնում է իրեն այսուհետ առավել մեծ ջանքեր գործադրել ի սպասավորություն Եկեղեցու, Հայրենիքի և ժողովրդի:
Հանդիսությունը փակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության և գնահատանքի խոսքով: Հանդիսության ընթացքում ելույթ ունեցավ «Շարական» հնագույն երաժշտության համույթը` ղեկավարությամբ Դանիել Երաժշտի: