Ս. Շողակաթի վանք տարվեց Ս. Հովհաննես Կարապետի մասունքը
Մայիսի 26-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշեց Ս. Հովհաննես Կարապետի և Ս. Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որը նաև Էջմիածնի Ս. Շողակաթ վանքի ուխտի օրն է:
Առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների դասը հանդիսավոր թափորով ուխտավորների ուղեկցությամբ Սուրբ Շողակաթ վանք բերեց Ս. Հովհաննես Մկրտչի մասունքն ամփոփող խաչ-մասունքարանը: Սրբազան մասունքը կրում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական բարձրագույն հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:
Ս. Շողակաթ վանքի առջև թափորը դիմավորեցին բազմաթիվ ուխտավորներ` Մայր Աթոռի վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի գլխավորությամբ:
Տոնի կապակցությամբ վանքում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Ս. Շողակաթի վանահայր Հոգեշնորհ Տ. Խաչատուր աբեղա Կնյազյանը:
Հայր Խաչատուրը, իր քարոզում անդրադառնալով տոնի խորհրդին, հատկապես կարևորեց ողորմության դրսևորման անհրաժեշտությունն այսօրվա կյանքում: «Աստված՝ որպես ողորմության և անմնացորդ սիրո աղբյուր, ուղարկեց իր Միածին Որդուն, Ով իր կյանքի ողջ ընթացքում, իր փրկագործության առաքելության ընթացքում ցույց տվեց մարդուն, թե ինչպե՛ս կարելի է ողորմած լինել: Ողորմած լինել նշանակում է մարդու մեջ տեսնել Աստծուն, ողորմած լինել նշանակում է հարգանք, գութ, կարեկցանք ունենալ մարդու հանդեպ», - պատգամեց պատարագիչ Հայր Սուրբը:
Ս. Պատարագի ավարտին կատարվեց նաև Ս. Հովհաննես Մկրտչի մասունքակիր խաչով հավատացյալների օրհնություն և Անդաստանի կարգ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի հադիսապետությամբ: Այնուհետև տարբեր վայրերից ժամանած ուխտավորներին օրվա խորհրդի առիթով մատաղ բաժանվեց: