Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը Մայր Աթոռում

Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը Մայր Աթոռում

 

 

Դեկտեմբերի 1-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հանդիսավորապես տոնախմբեց  Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների  հիշատակը: Տոնի նախօրեին` նախատոնակի արարողության ժամանակ, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Ս. Տաճար էին բերվել Մայր Աթոռում պահվող Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների մասունքները: Տոնի  առիթով Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ  Պատարագ: Պատարագիչն էր     Մայր       Աթոռի միաբան Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանը: Անդրադառնալով տոնի խորհրդին` պատարագիչ Հայր Սուրբն իր քարոզում նշեց. «Երանելի առաքյալների լուսավորչական գործունեությունը միայն պատմություն կամ ավանդություն չէ, այլ նախևառաջ հավատի և սիրո կենդանի վկայություն և քարոզ: Մինչև իրենց քարոզչությունն ու  նահատակությունը երանելի առաքյալները եղան ականատեսն ու ականջալուրը Քրիստոսի քարոզների ու հրաշքների: Իրենց կյանքով ու գործունեությամբ ապրելով Տիրոջ բերած բարի լուրի խորհուրդը` նրանք դարձան Հայ Առաքելական Եկեղեցու հիմնարար սյուները և լավագույն օրինակը քրիստոնեության զորության ու կենսունակության:Սրբազան առաքյալներն իրենց կյանքի  օրինակով ցույց տվեցին մեզ,  որ Քրիստոսի մասին իրական վկայությունը  չի կարող սահմանափակվել պարզապես  ուսմունքի վերացական ընդունմամբ  և ոչ էլ հավատի սկզբունքների ու բարոյական նորմերի մեկնաբանությամբ: Իր էության և հիմքի մեջ քրիստոնյայի վկայությունը կենդանի վկայություն է կենդանի Քրիստոսի մասին, ով անսահմանորեն սիրում է մեզ, ցանկանում է երկխոսության մեջ մտնել մեզ հետ և ուղեկցել մեզ մեր երկրային կյանքի ճանապարհին»:

     Կարևորելով  Հայ Եկեղեցու առաջին լուսավորիչների դերն ու բարեխոսությունը յուրաքանչյուր  հայորդու կյանքում` իր խոսքի ավարտին  հոգեշնորհ Հայր Սուրբը հորդորեց հավատացյալներին հավատարիմ մնալ առաքելահաստատ Հայոց  Եկեղեցուն, անաղարտ պահել քրիստոնեական նկարագիրը և հավատի, սիրո ու ազնվության վեհ առաքինությունների վրա կառուցել իրենց կյանքը:
     Ս. Պատարագի ավարտին արարողությանը մասնակից հավատացյալ ուխտավոր հայորդիները հնարավորություն ունեցան հաղորդակից լինելու մասունքների սրբարար զորությանն ու օրհնությանը: