Ս. Էջմիածնի Կաթողիկեի տոնը Մայր Աթոռում
Մայիսի 29-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշեց Կաթողիկե Ս. Էջմիածնի բերկրառատ տոնը:
Հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:
Տոնի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում էին հավաքվել հայաստանյան թեմերի առաջնորդներ, Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Մայր Աթոռի միաբաններ, Տավուշի թեմի հոգևոր դասը և մարզի ուխտավորները` գլխավորությամբ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի և համայնքապետերի, ինչպես նաև զինվորականներ ու բազում հավատավոր հայորդիներ: Ս. Պատարագի արարողությանը ներկա էին Մայր Աթոռի բարերարներ` Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանը, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Գաբրիել Չեմբերճյանը և ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ, Միջին Արևելքի և Հայաստանի ծրագրերի պատասխանատու Վազգեն Յակուբյանը:
Պատարագիչն էր Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Օրվա խորհրդի շուրջ քարոզելով` Բագրատ Սրբազանը մասնավորաբար ասաց. «Այսօր Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնն է, և մենք աշխարհի տարբեր ծայրերից, Հայոց աշխարհի զանազան բնակավայրերից, սահմաններից, հոգևոր և աշխարհիկ ներկայացուցիչներով համախումբ, փառաբանում ենք և շնորհակալություն հայտնում մեր Տիրոջը` մեզ ընծայված այս մեծ շնորհի համար:
…Մեծ խորհուրդ ունի Ս. Էջմիածնի հաստատումը` որպես Կաթողիկե Մայր Եկեղեցու բաբախող սիրտ, ճառագող արև, որը լցնում է հայոց հոգևոր կյանքի անդաստանները, զարգացնում մեր հոգևոր մշակույթը, ոռոգում և լցնում մեր Հայրենիքի սահմանների դաշտերն ու անդաստանները խաղաղության հաստատման համար:
Կարծես նախախնամական լինի, որ այս օրերին շարունակաբար ազգովի տոնախմբում էինք մայիսյան հերոսական տոների փառապանծ էջերը: Եվ հետ դառնալով դեպի չորրորդ դարը` մեր Ս. Եկեղեցու հիմնադրման օրերը, հասկանում ենք, որ այսօրվա գաղափարը ամփոփում է և դառնում եզրակետը այդ բոլոր հաղթանակների»:
Բագրատ Սրբազանն իր քարոզում անդրադարձավ հայ ժողովրդի կյանքում դարերի ընթացքում Մայր Աթոռի ստանձնած փրկչական դերակատարությանը, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության տարիներին եղեռնից մազապուրծ եղած գաղթականների, որբերի նկատմամբ խնամատարությանը` մեծ ակնածանքով վերհիշելով այն կարևոր որբահավաք և որբախնամ առաքելությունը, որ այդ տարիներին իրականացվել է ՀԲԸՄ-ի կողմից: «Ոգու մտքով ենք վերադառնում մեր այսօրվա կյանքը: Մայր Տաճարի շրջափակն այսօր որբերով, լքվածներով և Ցեղասպանության սուրը թիկունքին կրող ժողովուրդը չէ, այլ այստեղ են ժամանել քաղաքական, աշխարհիկ իշխանության ներկայացուցիչներ, զորապետեր, Տավուշ աշխարհի ժողովուրդը, ինչպես նաև հայորդիներ, որոնք իրենց մեծ նեդրումն ունեն Հայրենիքի զորացման գործում, մշակութային, կրթական տարբեր ոլորտներում. բոլորը եկել են` թաթախվելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթքների մեջ` ի զորություն կյանքի և հաղթանակների», - նշեց պատարագիչ Սրբազանը:
Տավուշի թեմի առաջնորդը նաև տեղեկացրեց, որ Տավուշի ուխտավորներն եկել են իրենց համբույրը դրոշմելու Մայր Տաճարին և ստանալու Հայոց Հոր օրհնությունը և վկայելու, որ կյանքի ու մահվան սահմանագծում ապրողները ողջ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունն են պահում:
«Հաղթանակի հարության հույսով մեր ժողովրդի համար մահ չկա, քանի դեռ գոյություն ունի Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, քանի դեռ մեզ ուղեկցում են Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքը և Ս. Տրդատ արքայի հուժկու բազուկը: Կաթողիկե տաճարը սոսկ պատմական հուշակոթող չէ, այլ մենք` այսօր ապրող քրիստոնյաներս ենք», - եզրափակեց իր խոսքը Սրբազան Հայրը` մաղթելով, որ Աստված Իր ներկայությամբ լցնի հայոց կյանքը:
Հավարտ Պատարագի սրբազան արարողության, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Ս. Էջմիածնի մաղթանք: Ներկաներն աղոթեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի անսասանության և հավիտենական առաքելության անխափան արդյունավորման համար:
Մայր Տաճարի շրջափակում` Ս. Տրդատի կամարի առջև, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մասնավոր գնահատանքն ու օրհնությունը բերեց Տավուշի թեմի ուխտավորներին` պատգամելով համախումբ մնալ իրենց հոգևոր առաջնորդի ու մարզպետի շուրջ` զորակցելով նրանց հայրենաշեն բոլոր ծրագրերի իրագործմանը, և պատգամեց իրենց քաղցրահունչ աղոթքներում մշտապես հիշել Հայրենիքն ու Հայոց Եկեղեցին: