Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը կալկաթահայ համայնքում
Օգոստոսի 13-ին, Կալկաթայի Ս. Նազարեթ հայկական եկեղեցում Տիրամոր Վերափոխման տոնի առիթով մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր հնդկահայոց հոգեւոր հովիվ եւ Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տ. Օշական վրդ. Գյուլգյուլյանը:
Ս. Պատարագի ընթացքում Հայր Սուրբը հավուր պատշաճի քարոզ խոսեց` անդրադառնալով Ս. Աստվածածնի լուսավոր կերպարին, որ դարեր շարունակ տիպար օրինակ է եղել հայ մայրերի եւ կանանց համար: Նա նաեւ հայցեց Ս. Կույսի բարեխոսությունը Տիրոջ մոտ հնդկահայ փոքրաթիվ գաղութի համար, որ իրենց նախնիների օրինակով նախանձախնդիր լինեն Հնդկաստանի հյուրընկալ հողում հայ մարդու ստեղծած մշտամնա արժեքների պահպանության սրբազան գործին:
«Ինչպես Տիրամայրն առանց վարանելու եւ ավելորդ հարցեր տալու անսաց Աստծո ձայնին, այնպես էլ մենք ենք պարտավոր ունկնդիր լինելու դրան, որի շնորհիվ ապրել եւ գործել են մեր նախնիները` որպես Հայր` ընդունելով Ս. Ավետարանը եւ որպես Մայր` Հայ Առաքելական Եկեղեցին: Ուստի, սիրելի° ճեմարանականներ եւ կալկաթահայեր, եկե°ք ուխտենք, որ պիտի անսանք Տիրոջ ձայնին, մեր կյանքն իմաստավորենք անանց արժեքներով` հայցելով Ս. Կույսի բարեխոսությունն իր Որդու մոտ բոլորիս եւ հատկապես Ս. Նազարեթ եկեղեցում գտնվող մի քանի հայերի համար, որոնք ամեն կիրակի գալիս են եկեղեցի` դրանով իսկ ամրապնդելով իրենց մեջ հայության ոգին ու շունչը»,-նշեց Օշական վարդապետն իր քարոզում:
Սրբազան արարողության ավարտին, Հայոց Եկեղեցու ընկալյալ ավանդության համաձայն, կատարվեց խաղողօրհնեք: Օրհնված խաղողը բաժանվեց ներկաներին:
Ս. Պատարագին ներկա էին Կալկաթայի եկեղեցական խորհրդի անդամներ, հնդկահայեր եւ Մարդասիրական ճեմարանի սաները: