Ռուսահայոց թեմում կատարվեց նոր եկեղեցու հիմնարկեք

Ռուսահայոց թեմում կատարվեց նոր եկեղեցու հիմնարկեք 12.06.2012
Ռուսահայոց թեմում կատարվեց նոր եկեղեցու հիմնարկեք

Հունիսի 9-ին Նոր Նախիջևանի եւ Ռուսաստանի Հայոց Թեմի Յակուտսկ քաղաքում Թեմակալ Առաջնորդ Տ.Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ կատարվեց եկեղեցու հիմնօրհնեքի արարողություն:

Հիմնարկեքի ընթացքում  Թեմակալ Առաջնորդը Տ. Հակոբ քահանա Սարոյանի հետ սրբալույս մյուռոնով օծեց տասնվեց խաչանիշ քարերը, որոնք եկեղեցու տասնվեց կնքահայրերը զետեղեցին աղոթատան հիմքերում:

Հայկական ավանդական ճարտարապետական ոճով նախագծված եկեղեցին կառուցվելու է համայնքի հավատավոր հայորդիների բարերարությամբ:

Մեծաթիվ համայնքի հոգեւոր պահանջները բավարարելու համար դեռեւս 2001 թվականին  Հայաստանից բերվել եւ ռուսական եկեղեցու բակում տեղադրվել էր մի խաչքար:Սակայն  աղոթքի կանգնելու,  եկեղեցու սրբազան արարողություններն ու խորհուրդներն իրականացնելու համար անհրաժեշտ էր կառուցել աղոթատուն:

Հիմնօրհնեքի արարողությունից հետո Սրբազան հայրն իր օրհնությունը բաշխեց ներկաներին եւ հույս հայտնեց, որ  նորակառույց եկեղեցին դառնալու է համախմբող, օրհնություն պարգեւող օրրան:

-Աստծո կամքով եւ միասնական  աղոթքով այսօր կատարեցինք նոր եկեղեցու հիմնարկեքի արարողությունը: Ձեր ներկայությունը եւ նախաձեռնած գործը խոսուն վկայությունն է  մեր Սուրբ Եկեղեցու շուրջ ձեր համախմբվածության,  պապերից ժառանգած նվիրական արժեքների նկատմամբ ձեր հավատարմության: Հայրենիքից հեռու  այս երկրամասում  կառուցելով  ձեր հոգեւոր տունը, որից ճառագվող  կենդանարար լույսը պիտի օրհնաբեր կյանք  պարգեւի ձեզ եւ ձեր զավակներին, դուք մեկ անգամ եւս հաստատում եք Առաքել Դավրիժեցու խոսքերը` «Ի վերայ Աջոյն եւ Սրբոյ Էջմիածնի Ամենայն Ազգն Հայոց կապեալ կան»: Լինելով Աստվածասեր ու հայրենասեր հայորդիներ, դուք նաեւ  արժանի եւ  ազնիվ զավակներն եք ձեր երկրորդ հայրենիքի: Այսօրվա ուրախությունն ու ձեռքբերումը, որ շնորհ է ու պարգեւ մեզ Բարձրյալից, արդյունք է նաեւ այն աստվածահաճո վերաբերմունքի,  որ  դրսեւորում են ՌԴ իշխանությունները`  խղճի եւ կրոնի ազատության, հոգեւոր զարթոնքի ծիրում:

Աստծո օրհնությունը ձեզ, ապրեք համերաշխ և խաղաղ`  միշտ արթուն պահելով ձեր հոգիներում եկեղեցասիրության ոգին,- իր խոսքում ասաց Տ.Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը:

Հայաստանից բերված տուֆ քարով կառուցվող եկեղեցու շինարարարական աշխատանքները  կավարտվեն երկու տարվա ընթացքում: Նախատեսվում է եկեղեցուն կից կառուցել նաեւ մշակութային կենտրոն: Արդեն մի քանի տարի է բարեհաջող լույս է տեսնում քաղաքի միակ հայկական պարբերականը`«Արմյանսկի վեստնիկ»  թերթը:

Հեռավոր Յակուտիայում հայերն ապրում են դեռևս  1800-ական թվականներից: Նրանց թիվն այսօր հասնում է հինգ հազարի: Այստեղ հայերն  հիմնականում զբաղվում են  շինարարությամբ: