Ռուս Ուղղափառ Եկեղեցու պատվիրակության այցը Հայաստան
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանած Ռուս Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությունը դեկտեմբերի 12-ի առավոտյան այցելեց Քանաքեռի Ս. Տիրամայր ռուսական եկեղեցի, ուր Վոլոկալամսկի միտրոպոլիտ Իլարիոնը մատուցեց Ս. Պատարագ: Արարողության ավարտին Իլարիոն միտրոպոլիտն օրհնության իր խոսքն ուղղեց ռուս համայնքի ներկայացուցիչներին: Ներկաներին ողջունեց նաեւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:
Այնուհետեւ պատվիրակները մեկնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր տեղի ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Մոսկվայի Պատրիարքարանի Արտաքին հարաբերությունների բաժնի նախագահ Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոնի առանձնազրույցը:
Հանդիպումից հետո պատվիրակությունը ներկա գտնվեց Սուրբ Պատարագին, որի ընթացքում պատարագիչ Տ. Մուշեղ վարդապետ Բաբայանը հանուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության ողջունեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու ներկայացուցիչներին` շեշտելով եղբայրական փոխայցելությունների կարեւորությունը: Ս. Պատարագի երգեցողությանը մասնակցում էր նաեւ իտալահայ հանրահայտ մեներգչուհի Ռոզի Սվազլյանը:
Օրվա երկրորդ կեսին պատվիրակությունը մեկնեց Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոց, ուր Ռուս Եկեղեցու ներկայացուցիչներին ընդունեց դպրանոցի տեսուչ Տ. Շնորհք աբեղա Սարգսյանը: Հյուրերը հանդիպում ունեցան ճեմարանականների հետ` ունկնդրելով նրանց ներկայացրած գեղարվեստական հայտագիրը: Վերջում Իլարիոն միտրոպոլիտն իր պատգամը բերեց ուսանողներին, հանգամանորեն պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին: