Ռումինիայի դեսպանը հրաժեշտ տվեց Գարեգին Բ Կաթողիկոսին
Հոկտեմբերի 16-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում դիվանագիտական իր առաքելությունն ավարտած Ռումինիայի Հանրապետության դեսպան Նիկոլաե Իորդակեին:
Հրաժեշտ տալով Ամենայն Հայոց Հայրապետին` պրն. Իորդակեն շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը իր եւ իր երկրի նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար: Դեսպանը վստահություն հայտնեց, որ Հայաստան-Ռումինիա հարաբերություններն այսուհետ եւս կզարգանան` ինչպես պետական, այնպես էլ միջեկեղեցական մակարդակներով:
«Մեր բարեկամությունը դարերով է փորձված: Եւ վստահ ենք, որ այն հետագայում առավել կսերտանա ու կխորանա»,- իր հերթին ասաց Վեհափառ Հայրապետը: Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց, որ ամեն տարի Մայր Աթոռի երիտասարդ միաբաններ մեկնում են Ռումինիա` բարձրագույն ուսումը շարունակելու նպատակով:
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը նորանոր հաջողություններ մաղթեց դեսպանին հետագա առաքելության ընթացքում: