Ռումինիայի Սիբիու քաղաքում Համաեվրոպական էկումենիկ երրորդ համագումարի բարիգալստյան արարողությունը
Սեպտեմբերի 4-ին Ռումինիայի Սիբիու քաղաքում` Մարե հրապարակում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու 21 անդամներից կազմված պատվիրակությունը ներկա գտնվեց Համաեվրոպական էկումենիկ երրորդ համագումարի ողջույնի եւ բարիգալստյան արարողությանը:
Արարողությունը բացվեց «Քրիստոսի լույսը ծագում է ամենքի վրա» շարականի երգեցողությամբ, ապա Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի փոխնախագահ Մարգարեթ Իզբերգը (Շվեդիա) եւ Եվրոպայի կաթոլիկ եպիսկոպոսների խորհրդի փոխնախագահ կարդինալ Իոսիֆ Բոզանիկը (Խորվաթիա) ողջունեցին հրապարակում հավաքված Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի անդամ հարյուր քսանհինգ եկեղեցիների եւ Կաթոլիկ Եկեղեցու` Եվրոպայի երեսունչորս երկրների կոնֆերանսների պատվիրակություններին:
Ողջույնի խոսքով հանդես եկան նաեւ Ռումինիայի տեղական եկեղեցիների առաջնորդները` Սիբիուի արքեպիսկոպոս եւ Տրանսիլվանիայի միտրոպոլիտ Լավրենտիու Սթեզան, Աուսբուրգի հարանվանության բողոքական եկեղեցու եպիսկոպոս Քրիստոֆ Քլայնը եւ Ալբա Իյուլյայի կաթոլիկ արքեպիսկոպոս Գիորգի Յակուբինյին:
Համագումարի մասնակիցներին բարի գալուստ մաղթեց Սիբիուի քաղաքապետ Կլաուս Յոաննիսը:
Արարողության ավարտին քաղաքի գեղարվեստական խմբերը հանդես եկան ազգային երգ ու պարի հայտագրով:
Համագումարի պաշտոնական բացումը տեղի կունենա սեպտեմբերի հինգին: