Պոեզիայի առաջին միջազգային փառատոնի մասնակիցների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Պոեզիայի առաջին միջազգային փառատոնի  մասնակիցների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին  16.04.2013
Պոեզիայի առաջին միջազգային փառատոնի մասնակիցների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ապրիլի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ.  Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Պոեզիայի առաջին միջազգային փառատոնի մասնակիցներին` ուղեկցությամբ Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի: 

Ողջունելով փառատոնի մասնակիցների այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ներկաներին:

Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Հայաստանի գրողների միության նախագահին Երևանում Պոեզիայի միջազգային առաջին փառատոնի կազմակերպման, ինչպես նաև փառատոնը հայոց նվիրական սրբավայր այցելությամբ սկսելու համար:

Վեհափառ Հայրապետը, իր խոսքում անդրադառնալով պոեզիայի բարձր կոչմանը, հորդորեց պոեզիայի մշակներին իրենց աստվածաշնորհ կարողություններն ի բարին ծառայեցնել` մարդկության բարօրության, ժողովուրդների միջև բարեկամության կերտման համար:

Հանդիպման վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց տարբեր երկրներից ժամանած գրողներին հետաքրքրող հարցերին: