Պարզաբանում

Պարզաբանում

     Հայելի» մամուլի ակումբում նոյեմբերի 28-ին հրավիրված ասուլիսի ընթացքում «Հայկական հաց» ֆիլմի ռեժիսոր Արմեն Գասպարյանի կողմից Մայր Աթոռի հասցեին հնչեցված մեղադրանքների կապակցությամբ հարկ ենք համարում տալ հետևյալ պարզաբանումները:
     Տիար Արմեն Գասպարյանից Մայր Աթոռում այս առնչությամբ ստացվել է չորս նամակ` հասցեագրված Ամենայն Հայոց Հայրապետին. առաջինը` նոյեմբերի 3, 2010 թ. «Հայկական հաց» ֆիլմի նկարահանումներին աջակցելու խնդրանքով, երկրորդը` մարտի 19, 2012 թ. գրությունը` ֆիլմի վերաբերյալ կարծիք հայտնելու խնդրանքով, հոկտեմբեր 26, 2012 թվակիր երրորդ նամակով Ա. Գասպարյանը դիմում է Ս. Պետերբուրգի «Նևսկիյ բլագովեստ» կինոփառատոնում իր մասնակցության համար աջակցության հայցումով և չորրորդ` 13 նոյեմբերի, 2012 թվակիր գրությունը, որով պահանջ է ներկայացվում բացատրություններ տալ ֆիլմի նկատմամբ Հայ Եկեղեցու կեցվածքի, հիշյալ կինոփառատոնի կողմից ֆիլմի ցուցադրության մերժման և դրանում Տ. Սարգիս քահանա Չոփուրյանի «դերակատարության» կապակցությամբ:
     Բոլոր հիշյալ գրություններին տրվել են պատասխաններ: Առաջին նամակի արդյունքում Տեղեկատվական համակարգի կողմից ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցությունը: Նկատի է առնվել նաև այն, որ Ա. Գասպարյանի ներկայացմամբ` Մոսկվայի առաջնորդանիստ եկեղեցու կառուցմանը վերաբերող այս ծրագիրը իրականացվում է Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոսի գիտությամբ: Մինչդեռ հայաստանյան նկարահանումների ընթացքում արդեն հայտնի դարձավ, որ ֆիլմի ստեղծման համար թեմի հետ որևէ համաձայնություն չի եղել և նկարահանումները կատարվել են որդեգրված ընթացակարգի խախտումով: Այս նկատառումով Տեղեկատվական համակարգը կասեցրեց իր համագործակցությունը` պահանջելով նախ խնդիրները կարգավորել Ռուսաստանի թեմի հետ:
     Ա. Գասպարյանի երկրորդ գրության պատասխանը հղվել է մարտի 28, 2012 թ.` հորդորելով հարցը ներկայացնել Ռուսաստանի հայոց թեմի միջոցով: Իսկ կինոփառատոնում մասնակցությունը հովանավորելու վերաբերյալ երրորդ գրությանն ի պատասխան հոկտեմբերի 29, 2012 թ. տեղեկացվել է, որ խնդրո առնչությամբ հարկ է դիմել Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդին:
     Ինչ վերաբերում է չորրորդ գրության պատասխանին, ապա, երբ տեղի ունեցավ հիշյալ ասուլիսը, շարադրված պատասխան գրության առաքումը կանխվեց: Այս առնչությամբ տեղեկացնենք, որ կինոփառատոնի կազմակերպիչ հանձնախմբի կողմից ֆիլմի մերժվելու համար Հայ Եկեղեցին որևէ պատասխանատվություն չի կրում: Պետերբուրգի հոգևոր հովիվ և փառատոնի կազմակերպիչ հանձնախմբի անդամ Տ. Սարգիս քահանա Չոփուրյանի կողմից ուղղակի հաստատվել է այն, որ «Հայկական հաց» ֆիլմը Հայ Եկեղեցու անունից չի կարող ներկայացվել փառատոնին` այդ մասին նախնական համաձայնության բացակայության պատճառով:
     Իսկ Հայ Եկեղեցու կողմից ֆիլմի արգելվելու մասին խոսք չի կարող լինել. այն ցուցադրվել է ս. թ. ապրիլի 24-ին Մայր Աթոռի «Շողակաթ» հեռուսատընկերության եթերում, ինչպես նաև, որքան հայտնի է, անարգել մասնակցել տարբեր այլ փառատոնների:
     Հետևապես, Մայր Աթոռի հասցեին հնչեցված բոլոր մեղադրանքները, հալածանքների և անպատասխան գրությունների մասին բարձրաձայնումներն ավելի քան անհիմն են: