Պաշտոնապես բացվեց Կալկաթայի Դավթյան Աղջիկների դպրոցի փոքրերի համար նախատեսված վերանորոգված նոր ննջարանը

Նոյեմբերի 11-ին, Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի հիմնադրման 185-ամյակի տոնակատարությունները նշանավորվեցին մեկ այլ կարեւոր իրադարձությամբ եւս. Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիար Աշոտ Քոչարյանը եւ նախկին ճեմարանական, Բրիտանական Գրադարանի Քրիստոնյա Արեւելք բաժանմունքի ղեկավար Տ. Ներսես ավ. քհն. Ներսեսյանը Դավթյան Աղջիկների դպրոցում կտրեցին փոքրերի համար նախատեսված վերանորոգված ննջարանի ժապավենը` պաշտոնապես բացված համարելով այն: Կալկաթայի եկեղեցական վարչության ֆինանսական օժանդակությամբ ամբողջովին վերանորգվել է ննջարանը` իր բաղնիք զուգարաններով:

Բացման արարողոթյունից հետո Մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ. Օշական վրդ. Գյուլգյուլյանը շնորհակալություն հայտնեց Ս. Նազարեթ եկեղեցու վարչությանը գործուն աջակցության համար` հույս հայտնելով, որ հարմարավետ եւ վերանորոգված նոր ննջարանը պիտի նպաստի ճեմարանական աղջիկների կրթական մակարդակի բարձրացմանը` հորդորելով մաքուր եւ կոկիկ պահել այն:

Ներկաներին իր սրտի խոսքն ասաց նաեւ ՀՀ դեսպանը: Նա, շնորհավորելով աղջիկներին այս նշանակալից իրադարձության համար, ընդգծեց, որ ակնառու են վերջին մեկ տարվա ընթացքում ճեմարանի նոր ղեկավարության հաջողությունները` ուժ եւ կորով մաղթելով ճեմարանի կառավարիչ Հայր Սուրբին եւ ճեմարանի վարչական տնօրեն Տիգրան սրկ. Բաղումյանին: Տիար Աշոտ Քոչարյանը եւս մեկ անգամ ուրախությամբ արձանագրեց, որ գնահատելի է նաեւ եկեղեցական վարչության կեցվածքն ու ներդրումը ճեմարանի բարգավաճման գործում:

Բացման հանդիսությանը ներկա էին Կալկաթայի եկեղեցական վարչության անդամները, իրանահայ ուխտավորներ եւ նախկին ճեմարանականներ: