Պաշտոնական ընդունելություն ի պատիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի
Հունիսի 12-ի երեկոյան Թբիլիսիում, ի պատիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Համայն Վրաստանի Պատրիարքի կողմից տրվեց պաշտոնական ընդունելություն, որին ներկա էին Վրաստանի պետական բարձրաստիճան այրեր, մտավորականներ, Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ եւ կրոնական համայնքների հոգեւոր առաջնորդներ:
Ընդունելության ընթացքում Վեհափառ Հայրապետը հանդես եկավ պաշտոնական խոսքով: Անդրադառնալով երկու ժողովուրդների հարաբերություններին` Նորին Սրբությունը նշեց, որ հայ եւ վրաց ժողովուրդների բարեկամության համար բոլոր ժամանակներում ամուր երաշխիք է հանդիսացել Վրաստանի հայ համայնքը` հայոց սփյուռքի հնագույն եւ ավանդաշատ համայնքներից մեկը, որը եղել ու մնում է հայ-վրացական համագործակցությանը թեւեր պարգեւող հիմնամուր կամուրջը: ՙԱյսօր էլ Վրաստանի հայ զավակները, հավատարիմ իրենց նախնյաց մեծ վաստակին, որպես օրինապահ, արժանավոր քաղաքացիներ, նախանձախնդիր նվիրումով, պատասխանատվության եւ իրավունքի բարձր գիտակցությամբ վրաց ժողովրդի կողքին իրենց կարեւոր ներդրումն են բերում Վրաստանի կյանքի բարօրությանն ու առաջընթացին՚:
ՙՎերահաստատած իրենց անկախ պետականությունը` մեր ժողովուրդներն այսօր նույնպիսի հոգսեր ու խնդիրներ ունեն, նույնպիսի բարի նպատակներ` բարօր ու բարգավաճ դարձնելու իրենց հայրենիքները, ամրապնդելու ազատ, արդար հասարակարգի հիմքերը, զարգացնելու իրենց մշակույթը, զորացնելու հավատքն ու պայծառացնելու իրենց հոգեւոր կյանքը: Մեր երկրներն ու ժողովուրդները կանգնած են նաեւ մեր ժամանակների մարտահրավերների, համընդհանուր եւ տարածաշրջանային կարեւորության խնդիրների առջեւ: Մենք ուրախ ենք, որ շարունակելով բարեկամության ավանդույթները` մեր երկրների իշխանությունները համագործակցաբար հաղթահարում են դժվարությունները եւ միատեղ ջանքերով լուծումներ գտնում առկա մարտահրավերներին՚, - ասաց Ամենայն Հայոց Հայրապետը` կարեւորելով այսօրվա կյանքի մարտահրավերների հաղթահարմանն ուղղված երկու երկրների ջանքերի մեկտեղումը: Այնուհետեւ Վեհափառ Հայրապետը անդրադարձ կատարեց վիրահայությանը հուզող խնդիրներին: Տեղեկացնելով հունիսի 10-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ ունեցած հանդիպման մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպմանը քննարկված Վիրահայոց թեմի խնդիրների առնչությամբ մասնավորաբար նշեց. ՙԶրույցի ընթացքում հստակեցվեցին խնդիրների լուծման ուղիները: Իբրեւ առաջին քայլ` Վիրահայոց թեմին առաջիկայում կշնորհվի իրավաբանական կարգավիճակ, ինչպես եւ Հայաստանում վրաց եկեղեցական համայնքին, իսկ հաջորդ փուլում կքննարկվի եկեղեցիների վերադարձման խնդիրը: Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանում երբեւէ որեւէ խոչընդոտ չի եղել եւ չկա վրաց համայնքի գրանցման համար: Վրաստանի նախագահը նաեւ վստահեցրեց մեզ, որ անհրաժեշտ աշխատանքներ կիրականացվեն Վրաստանի մշակութային ժառանգության մաս հանդիսացող հայկական եկեղեցիների պահպանության եւ փլուզված եկեղեցու վերականգնման համար՚: