Ուսուցչի օրը Հայոց Մարդասիրական ճեմարանում
Սեպտեմբերի 5-ին, Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանում, հանդիսավորապես նշվեց Ուսուցչի օրը: Օրվա առիթով ճեմարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ ճեմարանականների պատրաստած հանդիսությունը, որին մասնակցում էին ճեմարանի աշխատակազմի անդամներ եւ ուսուցիչները:
Հանդիսության սկզբում ճեմարանի տնօրեն Տիար Ջեյմս Դայասը ջերմորեն շնորհավորեց բոլոր ուսուցիչներին` ընդգծելով ուսուցչի առաքելության կարեւորությունը հասարակության մեջ: Նա նաեւ հորդորեց նրանց առավել ուշադրություն դարձնել երեխաների ուսումնառությանը` անձնապես օրինակ դառնալով նրանց համար:
Այնուհետեւ ճեմարանականները ներկայացրեցին ժամանակակից պարերի մի քանի նմուշներ, ասմունքեցին, ճեմարանի սան Էջմին Շահիջանյանը ճեմարանի ուսուցիչ Շոն Մանուկի հետ կիթառով զուգերգ երգեց: Հանդիսությունը վարում էր ճեմարանական Անի Կարապաետյանը: Տեղի ունեցավ նաեւ վիճակահանություն:
Գեղարվեստական մասից հետո երեխաները հրավիրեցին ճեմարանի կառավարիչ Տ. Օշական վրդ. Գյուլգյուլյանին` իր սրտի խոսքն ուղղելու ներկաներին: Հայր Սուրբը նույնպես շնորհավորեց ուսուցիչներին օրվա կապակցությամբ` անդրադառնալով իր անձնական փորձառությանը: Նա նշեց եւ անդրադարձավ հայոց առաջին ուսուցիչ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի գործունեությանը` ճեմարանականներին հորդորելով ամեն ինչ անել` իրենց ուսումնառությամբ եւ կենցաղավարությամբ բարձր պահելու համար Մարդասիրական ճեմարանի անունը` դրանով իսկ պատիվ բերելով նաեւ իրենց ուսուցիչներին:
Իրենց սրտի խոսքն ուղղեցին ներկաներին նաեւ ճեմարանի ադմինիստրատոր Տիգրան սրկ. Բաղումյանը, նախկին ճեմարանավարտ Մայքլ Ստիվենը: Վերջում ուսուցիչների անունից շնորհակալական խոսք ասաց ճեմարանի բազմամյա ուսուցիչ Բրիտա Ռոյը:
Հանդիսության ավարտին տեղի ունեցավ միասնական ճաշ: