Ուխտի պատարագ մատուցեց Ֆրանսիայի թեմի նորընտիր առաջնորդը
Արքության պատիվ` նորընտիր առաջնորդին
Օգոստոսի 26-ին, Սուրբ Աստվածածնի գոտու գյուտի տոնին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մատուցվեց Սուրբ եւ Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Հայոց Եկեղեցու Ֆրանսիայի թեմի նորընտիր առաջնորդ Տ. Նորվան եպիսկոպոս Զաքարյանը:
Պատարագի սրբազան արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական օրհնությամբ Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ընթերցեց Հայրապետական սրբատառ կոնդակը, որով Տ. Նորվան եպիսկոպոս Զաքարյանին շնորհվեց արքության պատիվ, իր անմնացորդ ծառայության եւ տարիների վաստակի համար:
«...Ֆրանսիայում Ձեր հոգեւոր սպասավորության ընթացքին Դուք գնահատելի ավանդ բերեցիք ֆրանսահայ համայնքում` զորացնելով եւ ամրացնելով ֆրանսահայերի ազգային-եկեղեցական կյանքը: Եկեղեցասեր Ձեր ոգին եւ Ձեր մատուցած ազնիվ ծառայությունը ըստ արժանվույն գնահատվեց երջանկահիշատակ Վազգեն Ա Հայրապետի կողմից, ում օրհնությամբ եւ տնօրինությամբ Ձեզ շնորհվեց եպիսկոպոսության աստիճան:
Առանձնակի գոհունակությամբ ենք անդրադառնում Ձեր ներդրած նախանձախնդիր ջանքերին եւ հետեւողական աշխատանքին, որոնց արդյունքում այլեւս իրականություն է Ֆրանսիայի Հայոց Թեմի Առաջնորդությունը: Ձեր ազնիվ ծառայության եւ աշխատանքի շնորհիվ Դուք շահեցիք ֆրանսահայերի սերն ու համակրանքը եւ ընտրվեցիք Ֆրանսիայի նորահռչակ Հայոց Թեմի Առաջնորդի պաշտոնում:
Լիահույս ենք, որ նույն ոգով ու նվիրումով պիտի շարունակեք Ձեր արդյունավոր ծառայությունն իրականացնել Ֆրանսիայի Հայոց Թեմում` ի խնդիր ֆրանսահայերի հոգեւոր կյանքի զորացմանն ու բարգավաճմանը», - ասվում է Հայրապետական կոնդակում:
Այնուհետ իր խոսքն ներկաներին ուղղեց Տ. Նորվան արքեպիսկոպոսը` նշելով, որ եկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աստվածակառույց սուրբ տաճարի մեջ Սուրբ Պատարագ եւ գոհաբանական աղոթք մատուցելու եւ հայոց Հայրապետի օրհնությունները ստանալու, ինչպես նաեւ քահանայական իր ծառայության ուխտը վերանորոգելու եւ հավատարմության խոստումը վերահաստատելու` հանդեպ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ նրա ժրաջան գահակալը: Սրբազանն իր խոսքում մասնավորաբար նշեց. «Ֆրանիայի գաղութի, հոգեւոր եւ եկեղեցական կյանքի մեջ մի նոր էջ բացվեց եւ այսու կմաղթենք եւ կաղոթենք, որ Հայ Եկեղեցու առաքելական այս նոր շրջանին Անսկիզբն Աստված ինքն սկիզբ տա այս նոր առաքելության... Թեմական կառույցով ավարտվեց առաջին բաժինը, որի գործի ամենադժվար բաժինն է, այժմ գործի երկրորդ բաժինը կսկսվի, որը նույնպես դյուրին չէ, հիմի կսկսվի խաչի ճամփան, փշոտ է ճանապարհը եւ քարքարոտ..., բայց խաչը կրող անձնվիրյալները վայելում են Երկնքի հովանավորությունը եւ Հայոց Հայրապետի աջակցությունը:
...Մենք աղաչում ենք Աստծուն, որ մենք հավատքի գոտին կապենք ֆրանսահայ մեր գաղութին` զորացնելով հավատքով եւ Հայ Եկեղեցու ավանդություններով: Հայ Եկեղեցին է տակավին, որ պիտի երաշխավորի իր ժողովրդի գոյությունը թե' Մայր Հայրենիքի եւ թե' ի սփյուռս աշխարհի: Եվ այս Եկեղեցին հակառակ իր 1700-ամյա պատմության, դեռեւս 21-րդ դարի սկզբին ավելի այժմեական է, ավելի անելիք ունի, քան որեւէ մեկ ժամանակ ունեցել է...Եկեղեցին է, որ մեզ հավաքում է մեկ վայրում` մեզ կյանք պարգեւելով մահվան դեմ եւ փրկություն` կորստի դեմ», - ասաց Սրբազան Հայրը:
Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդն իր շնորհակալությունը եւ երախտագիտությունը հայտնեց Նորին Սրբությանը` ցանկանալով Հայրապետին ուժ, կորով եւ եռանդ` հաջողությամբ պսակելու իր Աստվախահաճո ծրագրերը ի փառս Աստծո եւ ի պայծառացումն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու: Սրբազան Հայրը նաեւ իր շնորհակալական խոսքն ուղղեց թեմի պատգամավորներին:
Սբ. Պատարագին ներկա էին Ֆրանսիայի Հայոց թեմի Թեմական Պատգամավորական Ժողովի Ատենապետ Տիար Կարպիս Ջրբաշյանը, Թեմական Խորհրդի Ատենապետ Տիար Գրիգոր Փափազյանը եւ թեմական խորհրդի անդամներ: