Ուխտագնացություններ ուսուցիչների մասնակցությամբ

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը Սուրբ Հարության տոնին հաջորդող Հինանց շրջանում նախաձեռնել է ուխտագնացություններ դեպի Հայաստանի խոնարհված կամ չգործող վանքեր ու եկեղեցիներ` մասնակցությամբ ՀՀ մի շարք տարածաշրջանների «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչների:

Ուխտագնացությունների ընթացքում ուսուցիչներն առիթ կունենան տեղերում ծանոթանալու հայոց բազմադարյա պատմամշակութային կենտրոններ հանդիսացող սրբավայրերի պատմությանը եւ միասնական աղոթքով նորոգելու իրենց նվիրումի ուխտը:

Առաջին ուխտագնացությունը, որին մասնակցեցին Շիրակի մարզի ուսուցիչները, նշանավորվեց այցելությամբ դեպի պատմական Անի քաղաքի հայկական սահմանը: Ուսուցիչները հնարավորություն ունեցան ՀՀ սահմանից տեսնելու հազարաշեն Անիի Մայր Տաճարը:

Այնուհետեւ ուխտավորներն այցելեցին Շիրակի մարզի Երերույքի տաճար, որտեղ մատուցվեց ուխտի Ս. Պատարագ ձեռամբ ՔԴԿ տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանի: Ս. Պատարագին մասնակցում էին նաեւ Հառիճավանքի վանահայր Տ. Կորյուն աբեղա Առաքելյանը եւ տվյալ տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տ. Հուսիկ քահանա Գրիգորյանը: