Ուխտագնացություն Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցի եւ Գնդեվանք
Մայիսի 23-ին Հայ Առաքելական Եկեղեցու երիտասարդական կենտրոնը ղեկավարությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Սուրեն սրկ. Գեւորգյանի կազմակերպել էր ուխտագնացություն Ջերմուկի Ս Գայանե եկեղեցին եւ Գնդեվանք, որին մասնակցում էին շուրջ 30 ուսանողներ Հայաստանի հինգ բարձրագույն ուսումնական հաստատություններից: Ուխտագնացությունն սկսվեց Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցուց, ուր երիտասարդներն աղոթեցին ճանապարհ ընկնելուց առաջ` հայցելով սուրբ Գրիգորի բարեխոսությունն ու հովանավորությունը:
Ուխտավոր երիտասարդներն սկզբում այցելեցին Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցի, ուր մասնակցեցին միասնական աղոթքին, այնուհետեւ ոտքով շարժվեցին 10-րդ դարում հիմնադրված Գնդեվանք: Գնդեվանքում Սուրեն սրկ. Գեւորգյանը ուխտավորներին ներկայացրեց վանքի պատմությունը եւ խոսեց քրիստոնյայի կյանքում աղոթքի նշանակության մասին:
Այնուհետեւ Վայոց ձորի «Գիտելիք» համալսարանում ուխտավորներին դիմավորեց եւ իր օրհնությունը բաշխեց Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը: Սրբազան Հայրն իր խոսքում անդրադարձավ թեմի գործունեությանը` ընդգծելով նմանատիպ ուխտագնացությունների կարեւորությունը երիտասարդների շրջանում: Ուխտավորները հանդիպեցին եւ զրուցեցին համալսարանի ուսանողների հետ: Երկուստեք կարեւորվեց նմանատիպ հանդիպումների կազմակերպումը եւ շփումը տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողների միջեւ: