Ոգեկոչման արարողություններ Վիրահայոց թեմում
Ոգեկոչման արարողություններ՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 92-րդ ամյակին
1915-1923թթ. Օսմանյան կայսրության կառավարությունը ծրագրեց եւ իրականացրեց հայկական ծագման իր իսկ քաղաքացիների Ցեղասպանությունը: Օսմանյան կայսրության ոճրագործության արդյունքում գազանաբար սպանվեցին ավելի քան 1 500 000 հայեր...
Օրացույցի այս օրը աշխարհասփյուռ հայությունը նշում է որպես հայ ժողովրդի, ինչպես եւ համայն մարդկության պատմության ամենաողբերգական էջ:
Ոգեկոչման արարողությունները Թբիլիսիի հայոց հովվությունում սկսվեցին ապրիլի 23-ին: Այդ օրը, Թբիլիսիի Կինոյի տանը ցուցադրվեց Հայոց Մեծ Եղեռնին նվիրված ֆիլմերի շարք, որոնցից էին՝ "Հայ Եկեղեցին Ցեղասպանության տարիներին" (Շողակաթե հեռուստաընկերություն, ՀՀ) եւ "Ես մեղադրում եմ" (Երկիր Մեդիա, ՀՀ): Ներկա էր նաեւ թեմի առաջնորդ Տ.Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Ցուցադրության ավարտին, վիրահայությանը, ապրիլ 24-ի միջոցառումներին՝ իբրեւ յուրաքանչյուր հայի հոգու ու նախնյաց նկատմամբ սրբազան պարտքի ու նաեւ խորհրդանիշ որպես՝ հանուն Հայոց Արդար Դատի միասնական պայքարի, խոսեց առաջնորդարանի մշակույթի ու երիտասարդության հարցերով բաժնի ղեկավար Լեւոն Չիդիլյանը:
Նույն օրը երեկոյան, Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եկեղեցում Տ.Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ անցկացվեց Խաղաղական երեկոյան ժամերգությունե, որին հաջորդեց եկեղեցու բակում Խարույկի վառման արարողությունը՝ ի հիշատակ անմեղ զոհերի լույս հոգիների: Խարույկի շուրջ հնչեցին հիշատակի խոսքեր, հոգեւոր երգեր ու ոգեկոչման ելույթներ: Ավարտին, ժամերգությանը մասնակից երիտասարդները ջահերով շարժվեցին դեպի Վրաստանում Թուրքիայի դեսպանատուն, ուր "Հայր մերի", "Տեր Ողորմյաի", "Օ՜վ, Հայոց աշխարհի" հնչեցմամբ, կայացավ բողոքի խաղաղ ցույց:
Ապրիլի 24-ի առավոտյան, հանդիսապետությամբ Առաջնորդ Հոր, թեմի հայոց եկեղեցիներում մատուցվեց Ոգեկոչման Սուրբ եւ Անմահ պատարագ: Արարողությանը ներկա էին Վրաց Ավետարանական-Մկրտական Եկեղեցու առաջնորդ Տ.Մալխազ եպիսկոպոս Սոնղուլաշվիլին, Վրաց Ուղղափառ Եկեղեցու հոգեւոր ակադեմիայի պրոռեկտոր Սերգո Վարդոսանիձեն, Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանը, Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, Վրաստանի խորհրդարանի անդամներ Մելիք Ռաիսյանը, Հենզել Մկոյանը, Համլետ Մովսիսյանը, Վան Բայբուրթյանը, հարյուրավոր հավատացյալներ: Քարոզի իր խոսքում Առաջնորդ Հայրը կոչեց վիրահայությանը միասնական լինել հատկապես այս օրը ու միանալով ազգի այսօրյա պահանջին դատապարտել եւ ճանաչել տալ Ցեղասպանության փաստը ողջ մարդկությանը: Նա երախտագիտություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր հայոց ճակատագրի այս ծանր օրերին հայ ժողովրդի կողքին են եղել ու ապաստան տվել հազարավոր փախստականների:
Եկեղեցում բակում կազմակերպվեց Ռոբերտ Ներսեսովի գեղարվեստից ստուդիայի սաների աշխատանքների ցուցադրությունը՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնին:
Պատարագի ավարտին, հազարին հասնող հայությունը, մոմերով ու Ցեղասպանությունը դատապարտելու ազդերով շարժվեց դեպի Վրաստանում Թուրքիայի դեսպանություն:
Նույն օրը Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնում անցկացվեց հուշեւերեկո, իսկ սրահում՝ ֆոտոցուցահանդես: Երեկոն բացվեց "Հայր մերի" արտասանությամբ, ապա՝ անմեղ նահատակների հիշատակը հարգելու մեկ րոպե լռությամբ: Զոհերի հիշատակը հավերժացնող խոնարհումի խոսքով հանդես եկան Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, ՀՀ դեսպան Հրաչ Սիլվանյանը: Երեկոյին ներկա էր նաեւ Հայ-վրացական տնտեսական համագործակցության համանախագահ Բեսո Ջուղելին:
1915 թ. նահատակների հիշատակը ոգեկոչող միջոցառումներ անցկացվեցին նաեւ Վրաստանի հայաբնակ շրջաններում եւ գյուղերում:
Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցում այդօրյա պատարագիչն էր Աջարիայի հոգեւոր հովիվ Տ.Կիրակոս աբեղա Դավթյանը: Բաթումիում անցկացվեց նաեւ բողոքի աննախադեպ ցույց: Հանրահավաքի ավարտին, հայությունը մասնակից դարձավ տեղի հայ համայնքի կողմից կազմակերպված սգո միջոցառումը:
Հանդիսապետությամբ Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի փոխառաջնորդ Տ. Բաբգեն աբեղա Սալբիյանի Սուրբ եւ Անմահ պատարագ մատուցվեց Ախալքալաքի Սուրբ Խաչ հայոց եկեղեցում, ինչպես նաեւ՝ Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եւ Ախալցիխեի Գրիգոր Լուսավորիչ հայոց եկեղեցիներում: Հավարտ պատարագի կատարվեց հոգեհանգստյան արարողություն:
Ախալցիխեի հայությունը ծաղկեպսակներ դրեց եւ մոմեր վառեց Հայոց Մեծ Եղեռնի նահատակների հիշատակը հավերժացնող Խաչքար առաջ: Սգո միջոցառումներին մասնակցում էին շրջանային եւ վարչական իշխանության ներկայացուցիչներ:
Ապրիլի 24-ին Նինոծմինդայում անցկացվեց սգո հանրահավաք, որի ավարտին մասնակիցները ծաղկեպսակներով զարդարեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Խաչքարը:
Թեմի Քվեմո-Քարթլիի նահանգի Ծալկայի շրջանում Եղեռնի նահատակների հոգու լուսավորությունը խորհրդանշող խարույկ վառվեց շրջանի Խաչգյուղ եւ Ղուշչի գյուղերում: