ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՈԳՈՒ ՏՈՆ Է

Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ եպս. Չուլջյանի օրհնությամբ եւ Ս. Գր. Նարեկացի եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Վահան քահանա Ազարյանի առաջնորդությամբ Վանաձորի մի շարք կրթօջախների ուսուցիչներ ու սաներ, Բուհ-երի ուսանողներ, հասարակական կազմակերպությունների երիտասարդներ հուլիսի 13-ին ներկա եղան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվող Պատարագին: Երիտասարդների համար ուխտի գաղափարն էլ ավելի շոշափելի ու իրական դարձավ Պատարագի ժամանակ համաքրիստոնեական եւ հայ եկեղեցու 18 սուրբերի մասունքներով ստացած օրհնությամբ:

Պատարագի ավարտին ուխտավորները ստացան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի օրհնությունը, որից հետո նրանց ողջունեց թեմակալ Սրբազան Հայրը: Կարեւորելով ուխտագնացությունը` որպես հնավանդ ու գեղեցիկ ավանդությունների վերականգնման միջոց, նա իր ոգեշունչ խոսքով դիմեց երիտասարդներին:

Ուխտի ճանապարհը շարունակվեց դեպի Ս. Գայանե, Ս. Հռիփսիմե վանքեր այցելությամբ, ապա Էջմիածնում արդեն 18 տարի գործող «Հայ միասնության խաչ» մշակութային կազմակերպություն այցելությամբ: Այնտեղ ուխտավորների աչքերի առջեւ մեկ այլ աշխարհ բացվեց. Արեւմտյան Հայաստանից բերված մասունքները` հողը, Արարատ լեռան գագաթից բերված քարը, Վանա լճի ջուրը, «ամբողջացրել էին» Հայոց աշխարհը եւ իրատեսականի փոխել ուխտավորի հոգու երազանքը:

Վերջին հանգրվանը Օշականն էր, ուր ուխտավորները խոնարհվեցին Ս. Մաշտոցի գերեզմանին եւ այցելեցին խաչքարահյուս Հայոց այբուբենի պուրակ:

Օրը ոգեւորող էր, ոգեշնչող ու հավատքով լի` արժեւորելով եկեղեցու եւ հայրենիքի, դպրության ու մշակույթի, հայոց ազգային ու հոգեւոր մասունքների պահպանումը ու Հայի ինքնության գիտակցությունը: