Շքանշանների հանձնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Շքանշանների հանձնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 24.06.2013
Շքանշանների հանձնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

     Հունիսի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի շենքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շքանշանների հանձնման արարողություն: Իրենց ազգօգուտ և եկեղեցանվեր գործունեության համար Հայ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի արժանացան տիար Լազար Սուջյանը և տիկին Լաուրա Հարությունյանը:
      Արարողության ընթացքում նվիրյալների կյանքին ու գործունեությանն անդրադարձան Սիմեոն Հախումյանը և Լազար Սուջյանը: Այնուհետև «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակները, որոնք ընթերցեցին Գեղարքունիքի թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:
     Տիար Լազար Սուջյանին ուղղված հայրապետական կոնդակում մասնավորապես նշված է. «Խորհրդային տարիներից սկսյալ շուրջ քառորդ դար Դուք ծառայեցիք Հայ Եկեղեցու գործերի խորհրդում և ՀՀ Կրոնի գործերի պետական խորհրդում` տեսուչից հասնելով մինչև նախագահի պաշտոնին: Այսօր ուրախությամբ ենք անդրադառնում, որ Դուք միշտ եղաք ու մնացիք մեր Եկեղեցու շահերի նվիրյալ պաշտպանն ու ազնիվ ջատագովը` ջանալով առավելագույնն ի սպաս բերել, որպեսզի Հայոց Եկեղեցին հնարավորություն ունենա լիարժեքորեն իրականացնել իր օրհնաբեր առաքելությունը մեր ժողովրդի կյանքում: Հավատավոր հայորդուդ աջակցությամբ իրականացվեցին բազմաթիվ աստվածահաճո նախաձեռնություններ, որոնք պայծառություն բերեցին մեր Եկեղեցուն և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Ձեր գործունեության կարևոր արգասիքներից եղավ Հաղպատի, Սանահինի, Նորավանքի և պատմական այլ վանքերի ու եկեղեցիների վերադարձը մեր Սուրբ Եկեղեցուն, որով մեր դարավոր սրբավայրերը վերստին իրենց դռները բացեցին հավատացելոց առջև` ծառայելով հայորդյաց հոգևոր կարիքներին: Արժանհիշատակ են նաև Ձեր ջանքերը Սուրբ Էջմիածնի գանձերի ցուցադրությունը արտերկրում կազմակերպելու գործում, որն ունեցավ շարունակական ընթացք` մեր հոգևոր-մշակութային հարստությունը ճանաչելի դարձնելով օտար ժողովուրդներին»:
     Տիկին Լաուրա Հարությունյանին ուղղված հայրապետական կոնդակում ասված է. «Ուրախ ենք այսօր հաստատելու, որ հակառակ խորհրդային տարիների հակաեկեղեցական տրամադրությունների, Դուք կարևոր աջակցություն բերեցիք մեր Սուրբ Եկեղեցուն` քրիստոնեական մեր հավատքը պահպանելու և մեր հոգևոր հարուստ ավանդներն ու ժառանգությունը սերունդներին փոխանցելու սրբազան իր առաքելության մեջ: Հայաստանի անկախությունից հետո ևս շարունակեցիք արդյունավորապես ծառայել մեր Հայրենիքին` Ձեր կարողություններն ի սպաս բերելով մեր Սուրբ Եկեղեցու գործունեությանը: Մենք գոհություն ենք մատուցում Բարձրյալին, որ մեր ժողովրդին օրհնել է Ձեզ պես հավատավոր ու եկեղեցասեր զավակներով, ովքեր իրենց կյանքն իմաստավորում են աստվածահաճո գործերով»:
     Կոնդակների ընթերցումից հետո Վեհափառ Հայրապետը Լազար Սուջյանին և Լաուրա Հարությունյանին հանձնեց «Սուրբ Ներսես Շնորհալի»  պատվո շքանշան: Մեծարյալներն իրենց հերթին շնորհակալության խոսք ուղղեցին Նորին Սրբությանը և Մայր Եկեղեցուն իրենց նկատմամբ ցուցաբերած ուշադրության և բարձր գնահատանքի համար:
     Արարողության ավարտին ներկաներին իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` վերստին շնորհավորելով տիար Լազար Սուջյանին և տիկին Լաուրա Հարությունյանին: