Շքանշանների հանձնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Փետրվարի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն: Հայրենասեր ու ազգանվեր, ինչպես նաև գիտական, գրական ու հրապարակախոսական գործունեության համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ՙՍուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ՚ պատվո բարձր շքանշան ստացան պատմաբան Էմմա Կոստանդյանը և նյարդաբան ակադեմիկոս Սուրեն Զոհրաբյանը:
Արարողության սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ Տ. Սիփան աբեղա Գևորգյանը: Այնուհետև մեծարյալների կյանքն ու գործունեությանն անդրադարձան ՀՀ Գիտության Ազգային Ակադեմիայի թղթակից անդամ դոկտոր-պրոֆեսոր Ալբերտ Խառատյանը և Առողջապահության ազգային ինստիտուտի փոխտնօրեն պրոֆեսոր Յուրի Թունյանը:
Այնուհետև ՙԷջմիածինն ի Հօրէ՚ շարականի երգեցողության ներքո բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակները, որոնք ընթերցեցին Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը և Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:
Տիկին Էմմա Կոստանդյանին ուղղված հայրապետական կոնդակում մասնավորապես նշվում էր. ՙԳոհունակ սրտով ենք անդրադառնում պատմագիտության ասպարեզում Ձեր գնահատարժան վաստակին ու եկեղեցանվեր ընթացքին: Տասնամյակներ շարունակ ջանադիր աշխատանքով հեղինակված Ձեր բազմաթիվ մենագրություններն ու հոդվածները ներկայացնում են հայ ժողովրդի ազգային-եկեղեցական կյանքի, մշակույթի և արվեստի ձեռքբերումները և մեծապես օգտակար են բազմադարյա հայոց պատմության ուսումնասիրման համար:
Ուրախալի է Հայրապետիս համար և հատկապես ուշադրության արժանի այն իրողությունը, որ Դուք Ձեր ազգօգուտ աշխատանքի մեծագույն մասը տրամադրել եք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմության ուսումնասիրման և նորովի ներկայացման գործին: Ձեր աշխատություններից շատերը` նվիրված գործունեությանը ազգային եկեղեցական բազում մէծանուն դեմքերի, ինչպիսիք էին Գարեգին Սրվանձտյանցը, Մկրտիչ Խրիմյանը, Մաղաքիա Արքեպիսկոպոս Օրմանյանը, ներկայացնում են նրանց հայրենասեր հոգու տեսիլքները, ուժն ու լավատեսությունը մեր ժողովրդի լուսավոր գալիքի հանդեպ՚:
Տիար Սուրեն Զոհրաբյանին ուղղված կոնդակում ասվում էր. ՙԲժշկության ասպարեզում մասնագիտական փորձառությունը Դուք սկսեցիք Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին` Ձեր գիտելիքներն ու կարողություններն ի սպաս բերելով մարտի դաշտերում վիրավորված զինվորների ապաքինմանը: Պատերազմի ավարտին վերադառնալով Հայրենիք, հիմնադրեցիք նյարդավիրաբուժական բաժանմունքը և ամբողջանվեր ոգով ծառայեցիք մեր երկրում բժշկության այս կարևոր ճյուղի զարգացմանը…:
Ձեր անունն այսօր ճանաչված է ինչպես Հայաստանում, այնպես և արտերկրում` որպես առաջնակարգ նյարդաբան, անխոնջ գիտնական և մանկավարժ: Ձեր հարյուրավոր ուսումնասիրությունները, գրքերն ու հրապարակումները, միջազգային գիտաժողովներում ու հեղինակավոր կրթօջախներում դասախոսություններն ու զեկուցումներն արժանացրել են Ձեզ բազում կոչումների ու պարգևների: Ձեր ղեկավարությամբ բազմաթիվ երիտասարդներ պատրաստել են գիտական աշխատություններ` առաջին քայլերը կատարելով գիտության լուսավոր անդաստանում՚:
Կոնդակների ընթերցումից հետո Վեհափառ Հայրապետը մեծանուն գործիչներին հանձնեց Հայ Եկեղեցու ՙՍուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ՚ շքանշանները:
Ապա գիտության նվիրյալներն իրենց սրտի խոսքն ասացին պարգևաբաշության առիթով: Նրանք խորին շնորհակալություն հայտնեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ցուցաբերած ուշադրության ու գնահատանքի համար` ընդգծելով, որ իրենց ողջ կյանքի ընթացքում մշտապես կապված են եղել Հայ Եկեղեցուն:
Պարգևաբաշխության ավարտին մեծարյալներին ու ներկաներին իր օրհնությունը բերեց Նորին Սրբությունը: Շնորհավորելով տիար Զոհրաբյանին ու տիկին Կոստանդյանին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ իր հոգու պարտքն է պարգևատրել նման անձանց, ովքեր բազմաթիվ օգտակար ծառայություններ են մատուցել Հայրենիքին, իրենց գիտելիքներն ու ձեռքբերումներն ի սպաս են դրել հայ ժողովրդին, ինչպես նաև, հակառակ ժամանակաշրջանի դժվարություններին, երկար տարիներ շարունակ Հայ Եկեղեցու և Մայր Աթոռի կողքին են գտնվել: Նորին Սրբությունը մաղթեց, որ Տերը վաստակաշատ գործիչներին պարգևի քաջառողջ կյանքի երկար տարիներ և նորանոր հաջողություններ նրանց ազգօգուտ գործունեության մեջ: