Շնորհավորագրեր Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության տասնամյակի առթիվ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության տասնամյակի առիթով Նորին Սրբությանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Սրբազան Քահանայապետ Բենեդիկտ ԺԶ Պապը:
Ուղերձում ասվում է. «Փառք ենք տալիս Աստծուն այն օրհնության համար, որ Նա տվել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն` Ձերդ Սրբության ծառայության միջոցով: Մեզ հայտնի է նաեւ Ձեր անձնական նվիրումը Հայ Առաքելական եւ Կաթոլիկ Եկեղեցիների միջեւ երկխոսության, համագործակցության եւ բարեկամության հանդեպ... Աղոթում ենք, որ մեր միջեւ հաստատված բարի հարաբերությունները շարունակեն աճել գալիք տարիներին:
Անցած դարավերջում Հայոց Եկեղեցին վերագտավ անկախությունը, ինչը ուրախություն պատճառեց համայն աշխարհի քրիստոնյաներին: Եկեղեցական կյանքը վերակառուցելու հսկայական աշխատանքը ընկավ Ձեր ուսերին: Նման կարճ ժամանակահատվածում ձեռքբերվածն իրապես նշանակալի է. նոր նախաձեռնություններ երիտասարդների քրիստոնեական դաստիարակության, եկեղեցականների պատրաստության, նոր համայնքների հաստատման, նոր եկեղեցիների եւ համայնքային կենտրոնների կառուցման, ինչպես նաեւ ազգի հասարակական եւ մշակութային կյանքում քրիստոնեական արժեքների հաստատման ուղղությամբ»:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են առաքվել շնորհավորագրեր նաեւ այլ Քույր-Եկեղեցիների պետերից, Հայ Եկեղեցու Նվիրապետական Աթոռներից, թեմակալ առաջնորդներից եւ ՀՀ պետական այրերից, Մայր Աթոռի բարերար հայորդիներից եւ հասարակական գործիչներից: