Շնորհանդես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Սեպտեմբերի 14-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում` Վեհարանի հանդիսությունների դահլիճում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժնի կողմից լույս տեսած 12 գրքի շնորհանդեսը:
Հրատարակված գրքերի մեջ զգալի մաս են կազմում ընդհանրական եկեղեցու հայրերի վարքի եւ խրատների մասին ընթերցվածքները, ինչպես նաեւ պատմաբանասիրկան եւ գիտաաստվածաբանական բնույթի երկերը, որոնցից են օրինակ` «Սուրբ Գրիգորի վարդապետությունը», Արշակ Տէր-Միքէլեանի «Հայաստանեաց Սուրբ Եկեղեցու Քրիստոնէականը», Սուբ Մակար Մեծի եւ Սուրբ Անտոն Մեծի «Հոգեւոր խրատներ»-ը, Անահիտ Պարսամյանի «Շուշան-Վարդենի»-ն, Պ. Չոբանյանի «Հայ-ռուս-վրացական փոփհարաբերությունները ԺԸ դարի երկրորդ կեսին», Սահակ վարդապետ Մաշալյանի «Երկու ուխտավորը», Սուրբ Մովսես Խորենացու «Աստվածաբանակ երկեր»-ը եւ այլն:
Հանդիսության ընթացքում աշխատությանների ստեղծմանն ու արժեւորմանն անդրադարձավ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու եւ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հրատարակչական բաժնի նախագահ Տ. Եզնիկ արքեպս. Պետրոսյանը` նշելով, որ Հայ եկեղեցին իր ստեղծման իսկ օրից գիրը եւ աստվածային խոսքի քարոզչությունը դարձրել է իր հիմնական առաքելությունը: Այդ գործն է շարունակում 2006թ. ապրիլին Նորին Սրբության բարձր տնօրինությամբ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում ստեղծված հրատարակչական բաժինը, որի հրատարակությամբ առաջիկայում հայ ընթեցողի սեղանին կդրվի եւս շուրջ 40 անուն գրիք:
Նոր գրքերի հոգեւոր եկեղեցագիտական, պատմաբանասիրական, գիտաաստվածաբանական արժեքների մասին խոսելով` ակադեմիկոս Սեն Արեւշատյանը նշեց հրատարակությունների կարեւոր նշանակության մասին, որին վաղուց սպասում էր ընթերցող հասարակայնությունը:
Այնուհետեւ Գերագույն Հոգեւոր Խորհրդի անունից հանդես եկավ պրն. Վիլեն Հակոբյանը` մասնավորաբար շեշտելով կատարված աշխատանքի կարեւոր նշանակությունը ժողովրդի դաստիարակության գործում:
Հանդիսության ավարտին ներկաներին իր գնահատանքն ու օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Հայրապետը: «Այսօր, երբ մենք ձեռնամուխ ենք վերակառուցելու մեր եկեղեցական կյանքը, վերակազմավորելու եկեղեցու առաքելությունը մեր ժողովրդի կյանքում, բնականաբար առաջնային խնդիր էր մեզ համար, որպեսզի կարողանայինք եկեղեցական գրականության այդ արժեքները վերստին ներկայացնել մեր ժողովրդին, որպեսզի նրանք ընթերցեն եւ իրենց հավատքը զորացնեն եւ իրենց իմացությունն առավել լինի մեր եկեղեցու առաքելության, պատմության, վարդապետության մասին: Եվ փառք եմ տալիս Աստծուն, որ առաջին երախայրիքը մեր սեղանին է »,- նշեց Նորին Սրբությունը:
Ամենայն Հայոց Հայրապետը նաեւ գնահատանքի խոսք հայտնեց հրատարակչական բաժնի աշխատակիցներին` գլխավորությամբ Տ. Եզնիկ արքեպս. Պետրոսյանի, հեղինակներին, բարերարներն: Նորին Սրբությունը հավելեց նաեւ, որ Մայր Աթոռի հրատարակչությունն արդեն ունի իր հիմնադրամը եւ ապահով կերպով պիտի շարունակի իր աշխատանքները հաջորդ տարիներին:
Հանդիսությունն ավարտվեց Տերունական աղոթքով եւ «Պահպանիչ»-ով:
Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբաններ, ՀՀ գիտության ու մշակույթի անվանի գործիչներ: