Շարունակվում է միաբանական համագումարը
Օգոստոսի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված միաբանական հավաքը շարունակեց իր աշխատանքները: Հերթական երկու նիստերն անցկացվեցին Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցում:
Նիստերի ընթացքում լսվեցին Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի տեսուչ Տ. Մկրտիչ վարդապետ Պռոշյանի «Միաբանը` որպես հավատքի ուսուցիչ» եւ Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանի (Մարսել, Ֆրանսիա) «Միաբանը` որպես քարոզիչ» բանախոսությունները: Յուրաքանչյուր բանախոսությանը հաջորդեց հարց ու պատասխան, ապա բանախոսությունների առաջադրած խնդիրների շուրջ տեղի ունեցան քննարկումներ:
Նիստերի ավարտին Սեւանի Սբ. Առաքելոց վանքում միաբանները մասնակցեցին երեկոյան ժամերգության: