Շարունակվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Մարսել
Հունիսի 30-ին Մարսելում շարունակվեց Հայ Եկեղեցու եվրոպական համագումարը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մարսելի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու սրահում հարցազրույց տվեց ֆրանսիական France 2 հեռուստաընկերությանը՝ ներկայացնելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությունը, հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունեությունը, անդրադարձավ Սփյուռքում Հայ Եկեղեցու ծառայությանը և պատասխանեց հեռուստատեսության լրագրողի հարցերին:
Կեսօրից հետո Նորին Սրբությունը հանդիպում ունեցավ Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդանի հետ: Նույն օրը՝ երեկոյան, տեղի ունեցավ Վեհափառ Հայրապետի այցի առիթով մարսելահայ համայնքի կողմից կազմակերպված պաշտոնական ընթրիքը, որին մասնակցում էին ՀՀ դեսպան տիար Վիգեն Չիթեչյանը, Մարսելում ՀՀ հյուպատոս տիար Վարդան Սրմաքեշը, Եվրոպայի հայոց թեմերի առաջնորդները, հոգևորականները Հայ Եկեղեցու եվրոպական համագումարին մասնակից պատվիրակությունների անդամները, հարավային Ֆրանսիայի շրջանի ծխական քահանաներ, Մարսելի հայ համայնքի վարչականներ և հավատացյալներ: