Շարունակվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Հնդկաստան
Փետրվարի 27 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական շքախմբի եւ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանի ուղեկցությամբ այցելեց Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարան:
Ճեմարանի դռների առջեւ հայրապետական շքախմբին դիմավորեցին ճեմարանի կառավարիչ Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանը, վարչական տնօրեն Տիգրան սրկ. Բաղումյանը, դպրոցի տնօրեն Ջեյմս Դայասը, եկեղեցական խորհրդի անդամները, ուսուցիչները, ճեմարանի ուսանողները եւ ողջ պաշտոնեությունը: «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի եւ Հայրապետական մաղթանքի երգեցողության ներքո ուսանողները Ամենայն Հայոց Հայրապետին ուղեկցեցին դեպի դպրոցի դահլիճ, ուր, ի պատիվ Վեհափառ Հայրապետի, տեղի ունեցավ հանդիսություն: Միջոցառումը սկսվեց «Տերունական աղոթքով» և Հնդկաստանի ու Հայաստանի օրհներգերով:
Մարդասիրական ճեմարանի պաշտոնեության եւ սաների անունից Ամենայն Հայոց Կաթողիկոսին ողջունեց վարչական տնօրեն Տիգրան սրկ. Բաղումյանը: Ուսուցիչների անունից Վեհափառին բարի գալուստ մաղթեց նաեւ տնօրեն Ջեյմս Դայասը:
Միջոցառաման ընթացքում ուսանողները հանդես եկան ասմունքի, երգեցողության եւ ազգային ու հնդկական պարային կատարումներով: Ուսանողների ջանքերով պատրաստվել էր նաեւ ներկայացում:
Հանդիսության ավարտին խոսեց ճեմարանի կառավարիչ Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանը, ապա հրավիրեց Հնդկաստանի եւ Ծայրագույն Արեւելքի Հայրապետական պատվիրակ Տ. Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանին` իր խոսքն ուղղելու ներկաներին: Գերաշնորհ Սրբազան Հայրը, եւս ողջունելով Նորին Սրբությանը, կարեւորեց Վեհափառ Հայրապետի այցը Հնդկաստան:
Վերջում ճեմարանի պաշտոնեությանը, ուսուցիչներին եւ Հայաստանից, Իրաքից ու Իրանից եկած ավելի քան 80 ուսանողներին Հայրապետական իր օրհնությունը բաշխեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` իր պատգամն ավարտելով «Պահպանիչ» աղոթքով:
Այնուհետեւ Նորին Սրբությունը հանդիպում ունեցավ ճեմարանի տեսչական եւ ուսուցչական կազմի հետ, որից հետո ծանոթացավ դպրոցի պայմաններին:
Նույն օրը Վեհափառ Հայրապետը շուրջ երեք ժամ անցկացրեց ուսանողների հետ` պատասխանելով նրանց հուզող բոլոր հարցերին եւ փոխանցելով հայրական իր պատգամները: Հայոց Մարդասիրական ճեմարան այցի առիթով Նորին Սրբությունը նվերներ հանձնեց ճեմարանի գրադարանին, տնօրենին, ուսուցիչներին եւ ուսանողներին:
Այնուհետեւ հայրապետական շքախումբն եղավ նաեւ աղջիկների Դավիդյան դպրոցում, ծանոթացավ դպրոցի պայմաններին եւ հանդիպեց դպրոցի անձնակազմի հետ: