Շարունակվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Հնդկաստան
Փետրվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական շքախմբի ուղեկցությամբ այցելեց Նոր Դելիում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն: Նորին Սրբությանն ուղեկցում էր նաեւ Կալկաթայի եկեղեցական խորհրդի ատենապետ պրն. Հայկ Սուքիասը:
Վեհափառ Հայրապետի շքախմբին դեսպանատանը ողջունեց Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը, դեսպանատան աշխատակիցները` իրենց ընտանիքներով: Ողջույնի արարողությանը ներկա էին նաեւ Ռուսաստանի Դաշնության, Կիպրոսի եւ Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանատներում պաշտոնավարող հայորդիներ, ինչպես եւ Նոր Դելիում բնակվող եւ ուսանող այլ հայեր:
ՀՀ դեսպանը, ողջունելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին դեսպանատուն կատարած առաջին այցի կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը ցուցաբերած բարձր պատվի համար եւ նշեց, որ Վեհափառի այս այցը Հնդկաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-ամյակի տոնախմբման լավագույն արտահայտություն է: Հայաստանի Հանրապետությունը պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ Հնդկաստանի հետ հաստատել է 1992 թվականին, իսկ ՀՀ դեսպանատունը Դելիում բացվել է1999 թվականին:
Եկեղեցական խորհրդի անունից Ամենայն Հայոց Կաթողիկոսին ողջունեց Հայկ Սուքիասը` վերստին շնորհակալություն հայտնելով այցի համար եւ ընդգծելով, որ վերջին 40 տարիների ընթացքում սա առաջին Հայրապետական այցն է Հնդկաստան: Երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հովվապետական այցելությունը Հնդկաստան տեղի է ունեցել 1963 թվականին: Տիար Սուքիասը նշեց նաև, որ Հնդկաստանում բնակվող հայերը մեծ ուրախությամբ են սպասում իրենց Հայրապետի այցին:
Այնուհետեւ Եկեղեցական խորհրդի ատենապետը Դելիում բնակվող բոլոր հայերին հրավիրեց Կալկաթա` մասնակցելու Տանգրայի հայկական եկեղեցու վերաօծման արարողությանը, որը կատարվելու է փետրվարի 28-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ:
Վերջում Հայրապետական իր պատգամը ներկաներին ուղղեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունն ամենքին փոխանցեց իր օրհնությունն ու գնահատանքը, ապա աղոթք բարձրացրեց հայ եւ հնդիկ ժողովուրդների եղբայրության եւ Հայաստանի ու Հնդկաստանի միջեւ սերտ համագործակցության համար:
Երեկոյան Վեհափառ Հայրապետի շքախումբը Նոր Դելիից մեկնեց Կալկաթա` ուղեկցությամբ Հնդկաստանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանի եւ Եկեղեցական խորհրդի ատենապետ Հայկ Սուքիասի: Կալկաթայի օդանավակայանում Վեհափառ Հայրապետին դիմավորեցին Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը, Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանը, Մայր Աթոռի միաբան Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը եւ Կալկաթայի հայկական եկեղեցական խորհրդի անդամները: