ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում աշխարհասփյուռ մեր ժողովրդին Ավետման տոնի առիթով եւ շնորհավորում կանանց` Մայրության եւ գեղեցկության օրվա կապակցությամբ:
Աշխարհի փրկության համար Քրիստոսի մարդեղացման հրեշտակաձայն ավետիսն ենք վերստին հիշում նվիրական այս տոնին, որ մեզ բերում է նաեւ հորդորը Տիրամոր հեզ օրինակով աստվածային բարերար կամքին հնազանդվելու, Ավետարանի լույս պատգամներով ապրելու եւ գործելու:
Աստվածածնի նման խոնարհությամբ, առ Աստված հավատարմությամբ կանայք պիտի արդյունազարդեն իրենց բացառիկ առաքելությունը` նոր սերունդ դաստիարակելու, ընտանեկան օրհնյալ հարկը սիրով եւ հոգատարությամբ զորացնելու, նաեւ ազգային-եկեղեցական մեր կյանքում իրենց կոչումը բարի գործունեությամբ արդյունավորելու: Ճշմարիտ գեղեցկությունը առաքինազարդ հոգում է կանաց ու մայրերի, ովքեր հավատքով եւ մարդկանց հանդեպ սիրով լեցուն օրհնյալ արգասիքներ են բերում ազգային մեր անդաստանում:
Թող Սուրբ Աստվածածնի գթառատ բարեխոսությամբ Տերն օրհնի բոլոր կանանց եւ մայրերին, շնորհի արեւշատություն, երկնապարգեւ երջանկություն եւ պահի ու պահպանի Ամենախնամ Իր Սուրբ Աջի հովանու ներքո: